Զոհաբերության ճանապարհային քարտեզը

Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում` Սերժ Սարգսյանը զուգահեռաբար հակաքարոզչություն է սկսել նրա դեմ: Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանը իշխանության ներսում կարող է ձևավորել իր ուժային բևեռը, որը Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգները կատարելուց առաջ առնվազն կարող է ծանրութեթև անել: Այդ իսկ պատճառով Բաղրամյան 26-ում անհրաժեշտություն են համարում տեղեկատվական տիրույթում ու հանրային ընկալման մեջ ավելի վարկաբեկել նորանշանակ վարչապետին, զսպել նրա ամբիցիաները և դարձնել հլու կամակատար, ինչպիսին էր նախկին վարչապետը:

Աբրահամյանը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է Տիգրան Սարգսյանի կարգավիճակով, որի վրա միաժամանակ պարտականություն է դրած զսպելու ոչ իշխանական ուժերի գրոհները իշխանության վրա՝ ԲՀԿ-ի հետ ունեցած խնամի-բարեկամական կապերի միջոցով։

Ի սկզբանե, հենց այդ հաշվարկն է ընկել Սերժ Սարգսյանի կայացրած որոշման հիմքում, այլապես գործող նախագահի վստահությունն առանձնապես չվայելող Աբրահամյանը վարչապետի պաշտոնում չէր հայտնվի։ Հովիկ Աբրահամյանը միջանկյալ տարբերակ է, որը կարող է ընտրել Սերժ Սարգսյանի հետ տապալվելու ու նրանից տարանջատված, դեմքը քիչ թե շատ պահպանելու միջոցով հեռանալու տարբերակների միջև։

Հովիկ Աբրահամյանի նշանակման օրը Սերժ Սարգսյանը որպես նոր կառավարության առաջնահերթություն նշեց կառավարության աշխատանքները կազմակերպելը, ձեռքբերված հաջողությունները ներկայացնելը և դրանց վրա հիմնվելով՝ առաջ գնալը: Նաև շեշտեց, որ նոր վարչապետը պետք է շարունակի կենսաթոշակային բարեփոխումները և հարկային քաղաքականությունը: Սերժ Սարգսյանը սրանով սահմանում է ոչ թե նոր կառավարության առաջնահերթությունների, այլև Հովիկ Աբրահամյանին զոհաբերելու ճանապարհային քարտեզը:

Շարունակել Տիգրան Սարգսյանի կառավարության գիծը՝ մանր ու միջին բիզնեսին ճնշելու, քաղաքացիներին առավելագույնս կեղեքելու (վճարովի ավտոկայանատեղիներ, արագաչափ խցիկներ և այլն) և առաջին հերթին կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը Աբրահամյանի համար կնշանակի մոտեցնել իր տապալումը:

Հովիկ Աբրահամյանին քաղաքականապես ոչնչացնելը կատարյալ դարձնելու համար Սերժ Սարգսյանը այդ ամենով հանդերձ պարտադրում է չքննադատել Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը։

Նման ինտրիգային, նեղ անձնական շահերով և իշխանության պահպանմանը միտված քաղաքականության պայմաններում դրական որևէ փոփոխություն ակնկալելը միամտություն է:

Սերժ Սարգսյանի տնտեսական մոդելի պահպանման դեպքում կատարողի փոփոխությունը օբյեկտիվ իրականության վրա գրեթե ազդեցություն չի ունենալու:

Դիցուք, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարարի պաշտոնում: Սա նշանակում է, որ գործող նախագահը չի պատրաստվում հրաժարվել ձախողված արտաքին քաղաքականությունից և դրա կատարողից: Մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը ապացուցում է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն անձամբ ինքն է, իր սահմանած խաղի կանոնների շրջանակում է, որ երկիրը հետևողականորեն ընկղմվում է ճգնաժամի մեջ:

Սերժ Սարգսյանին պարզապես պետք է տապալման պատասխանատվությունը կիսող քավության նոխազ, որին առանց աչք թարթելու կարելի է զոհել՝ իշխանությունը պահելու համար:

Հովիկ Աբրահամյանի պարագայում Սերժ Սարգսյանը այդ զոհողությունը մեծ հաճույքով կանի։ Այսօր Հայաստանում արմատական բարեփոխումներ հնարավոր են ոչ թե վարչապետին, այլ գործող նախագահին իշխանությունից զրկելու ճանապարհով:

Մեկնաբանել