17 ապրիլ, 2014 17:11

Ինքնամաքրման առաջին ակտը համոզիչ չէր

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը ապրիլի 16-ին որոշում կայացրեց խնդրահարույց և ոչ նպատակահարմար համարել իշխող կոալիցիային հետագա անդամակցությունը։

Հաշվի առնելով ՕԵԿ-ի «սկզբունքայնությունը» իշխանությունների հետ համագործակցության համատեքստում՝ քաղաքական ու հասարակական շրջանակներում խոր անվստահություն ու կասկածամտություն կա նրա այդ քայլի հետ կապված: Ընդդիմության կարգավիճակում ՕԵԿ-ը եղել է վերահսկելի, և կրիտիկական պահերին սպասարկել է օրվա իշխանության շահերը: 2008թ. մարտի 1-ին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կտրուկ այլակերպությունը դեռ թարմ է մարդկանց հիշողություններում:

Չպետք է բացառել, որ կոալիցիայից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված քայլ է, և հերթական անգամ ՕԵԿ-ի տեսքով ական է ներդրվում ընդդիմադիր դաշտում, որը անհրաժեշտության պահին հնարավոր լինի պայթեցնել:

Որ այս քայլը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, միանշանակ է: Սակայն պետք է հաշվի առնել նաև Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիաները: Նա ձգտում է մնալ քաղաքականության մեջ և  հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին 2018թ.: Պետք է դիտարկել նաև այն տարբերակը, որ Բաղդասարյանը քաղաքական բնազդով առաջնորդվելով՝ լքում է Սերժ Սարգսյանի խորտակվող նավը: Առավել հավանական է, որ վերը նշված բոլոր տարբերակները տեղ են գտել Արթուր Բաղդասարյանի կայացրած որոշման հիմքում:

Սերժ Սարգսյանի իշխանության «կույր աղիքի» կարգավիճակում կոալիցիայի մեջ հետագա գործունեությունը և գործող իշխանությունների ձախողումների խարանը ՀՀԿ-ի հետ կիսելը քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող ՕԵԿ-ին վերջնականապես սպանելու էր: Լքելով կոալիցիան՝ Արթուր Բաղդասարյանը փորձում է արհեստական շնչառություն ստանալ: Դա անելու համար նախ անհրաժեշտ է տարանջատվել Տիգրան Սրագսյանի գլխավորած կոալիցիոն կառավարության ձախողումներից, որի մաս է կազմել ՕԵԿ-ը: Ուստի քաղխորհրդի նիստից հետո տարածված հայտարարությունը պարզապես ձախողումներից ու պատասխանատվությունից խուսափելու անահջող փորձ է:

Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է. «Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ»:

ՕԵԿ-ը ցանկանում է ասել՝ եթե կոալիցիան ոչ արդյունավետ է եղել ու իրենք հնարավորություն չեն ունեցել ազդելու որոշումների կայացման վրա, իրենք պատասխանատվություն չեն կրում կայացված որոշումների համար: Այդ դեպքում վեց տարի ի՞նչ էին անում կոալիցիայում, անհասկանալի է: Միգուցե իշխանության կերակրատա՞շտն էր ձգում:

Հաջորդիվ ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը արձանագրում է, որ կոալիցիան գործել է ՀՀԿ-ի բացարձակ տիրապետության պայմաններում` «իշխող քաղաքական ուժ» հասկացության համատեքստում, իսկ «ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը»:

Փաստացի ՕԵԿ-ին վեց տարի է անհրաժեշտ եղել հասկանալու, որ իշխող կոալիցիայի շրջանակներում ինքը բուտաֆորիա է եղել, և այդ կարգավիճակը նրան չի բավարարել: Այդ դեպքում ՕԵԿ-ը կարող էր հավելել, որ 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական կեղծված ընտրությունները ճանաչել է և քաղաքական աջակցություն է ցուցաբերել նախորդ կառավարության ձախողումներին՝ բացառապես կոալիցիոն համերաշխության շրջանակներում:

Ինքնամաքրման առաջին ակտը ՕԵԿ-ի մոտ այդքան էլ համոզիչ չի ստացվել:

Անցնելով ընդդիմադիր դաշտ՝ Արթուր Բաղդասարյանն անշուշտ հույսեր է փայփայում,  որ մինչև 2017-2018 թթ. համապետական ընտրությունները կհաջողվի քաղաքականապես վերակենդանանալ: Առավել ևս, որ Բաղդասարյանը, իշխանության մեջ լինելով, բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ է «աշխատել», ինչը նրան թույլ կտա ուժեղացնել կուսակցական կառույցները: Սակայն նրա համար գրեթե անլուծելի խնդիր է մնում հանրային վստահությունը հետ նվաճելը, որը նա ունեցել է մինչև 2008թ.:

Պետք է սպասել, որ ՕԵԿ-ը որդեգրելու է ընդդիմադիր հռետորաբանություն, հիմնականում կրակահերթի տակ է պահելու կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ և ռևերանսներ է կատարելու ընդդիմադիր քառյակի ուղղությամբ:

ՕԵԿ-ի կողմից կոալիցիան լքելը, ՀՅԴ-ի՝ նոր կառավարության կազմում չընդգրկվելու մասին հայտարարությունը երկրի քաղաքական խճանկարին հետաքրքիր տեսք են տալիս: ՀՀԿ-ն առանց իմիտացիոն քաղաքական աջակցության ստանձնում է միանձնյա պատասխանատվություն ու հայտնվում մարգինալ ուժի կարգավիճակում, որը առնվազն խորհրդարանում որևէ քաղաքական ուժի աջակցություն չի վայելում, իսկ հանրային վստահության մասին խոսելն ավելորդ է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: