Այսօր Ավագ հինգշաբթի է

Այսօր Ավագ հինգշաբթի է՝ Հայ առաքելական եկեղեցու՝ արարողություններով ամենից հարուստ օրը: Այսօր մատուցվում է Սբ Պատարագ՝ ի հիշատակ հաղորդության խորհրդի հաստատման, կատարվում են ոտնլվայի և խավարման արարողությունները:

Յուրաքանչյուր կրոնի հիմնական բաղկացուցիչն է մարդ-Աստված հաղորդակցությունը: Քրիստոնեության մեջ այն կատարվում է Հաղորդությամբ՝ հաց ու գինու՝ աստվածային մարմնի ու արյան ընդունումով: Ապաշխարությամբ մաքրված մարմնում ընդունելով Քրիտոսին՝ հաց ու գինու ձևով, քրիստոնյան հավատում է, որ այն՝ որպես թթխմոր, պիտի խմորի իր մարմինն ու հոգին՝ տալով իր անձին աստվածային նմանություն: Քրիստոնեությունն իրար չի հակադրում մարմինն ու հոգին, և Հաղորդությունն ընդունելը կարևորվում է թե հոգեպես, և թե ֆիզիկապես:

Կարգը Քրիստոսը հաստատել է Զատկի տոնական սեղանի շուրջ՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Հիշենք, որ Զատկի տոնը՝ հրեաների ամենասիրելի տոնն էր: Զատիկը նշվում էր եգիպտական գերությունից ազատվելու պահից: Այս օրը Աստծու հրամանով յուրաքանչյուր հրեա ընտանիք մի գառ էր մորթել, և արյամբ երեք նշան արել իր տան մուտքում: Դրանք փրկարար նշաններ էին. Աստծու պատիժը շրջանցել էր այն տները, որոնց վրա կային այդ նշանները: Զատկի տոնական սեղանի շուրջ Քրիստոսը հաստատել է հոգևոր փրկության կարգը, որ պիտի լիներ Աստծուն Հաղորդության հաց ու գինու տեսքով ընդունելով:

Տարվա մեջ միայն Ավագ հինգշաբթի է կատարվում ոտնլվայի կարգը: Եպիսկոպոսը կամ ավագագույն քահանաներից մեկը, վերցնելով սրբիչը, ծունկի է գալիս և լվանում իր համայնքի անդամներից տասներկու հոգու ոտքերը: Հնում երկար ճանապարհներից եկած մարդկանց հյուրընկալելիս լվանում էին նրանց ոտքերը: Բաց կոշիկներով փոշոտ ճամփաներ անցած հյուրերի համար սա, թերևս, հյուրընկալության ամենասպասված պահերից մեկն էր: Ոտքերը լվանում էր, սովորաբար, տան աղախինը կամ դիրքով ամենից ցած անդամը, երբեք՝ տանտերը: Խորհրդավոր ընթրիքին Քրիստոսը, տեսնելով, որ մենակ է իր աշակերտների հետ, սակայն նրանցից ոչ մեկը չի նախաձեռնում մյուսների և հենց իր ոտքերը լվանալ (այլ, ընդհակառակը, աշակերտները վիճում են, թե ով է իրենցից առաջինը), ինքն է վերցնում սրբիչն ու խոնարհության հավերժական դաս տալիս իր մտերիմներին, աշխարհին՝ լվանալով իր աշակերտների ոտքերը:

Խորհրդավոր ընթրիքից հետո Քրիստոսն առանձնանում է՝ աղոթելու: Խավարման կարգը պատմում է նրա մատնության, հարցաքննության, չարչարանքների ու մահվան մասին: Այս արարողությունը հագեցած է ողբերգականությամբ: Այն սկսվում է երեկոյան, երբ արդեն մութ է դրսում: Եկեղեցում հանգցվում են մոմավառության սրահների մոմերը, միայն Սուրբ Խորանի վրա վառված է մնում 12 մոմ՝ դրանք զույգ առ զույգ հանգցվում են արարողության ընթացքում, և վերջում՝ լիարժեք մթության մեջ հնչում է հոգեցունց երգեցողություն՝ ներկաներին տրամադրելով ծնկել աստվածային մեծագույն սիրո ու անմնացորդ ինքնազոհության պատկերի առջև:

Ավագ հինգշաբթին այն օրն է, երբ Քրիստոսը հաստատեց խոնարհագույնը, առաջին սպասավորը լինելու ձգտումով ապրելու սկզբունքը, և տվեց Մարդ-Աստված հաղորդության գործուն ու փրկարար միջոցը:

Կարմեն Մարտիրոսյան

Մեկնաբանել