Պուտինի որոշումները վատ են ոչ միայն Ուկրաինայի համար․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումները վնասակար են ոչ միայն հենց Ուկրաինայի համար, այլև երկարատև հեռանկարում դրանք վատ են նաև Ռուսաստանի համար։

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը կձեռնարկի քայլեր՝ ուղղված Ուկրաինայի ապակայունացմանն ու նրա ինքնիշխանության խախտմանը, դա կունենա հետևանքներ»,- ասել է Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդ որում՝ նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատման չի ձգում, և որ պատերազմ ոչ ոքի պետք չէ։

Ապրիլի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Բարաք Օբաման խոր մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ռուսական կողմը, նրա կարծիքով, աջակցում է ռուսամետ ակտիվիստների գործողություններին Ուկրաինայի արևելքում։

Նա Պուտինին նաև կոչ էր արել «օգտագործել իր ազդեցությունը»՝ համոզելու ռուսամետ ակտիվիստներին հանձնել զենքն ու զավթված շենքերը։

Օբաման ընդգծել էր Ռուսաստանի աճող քաղաքական ու տնտեսական մեկուսացումը և «հասկացրել էր, որ Ռուսաստանի՝ արդեն կրած կորուստները կավելանան, եթե այդ գործողությունները շարունակվեն»։

«Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի արտահայտած մտահոգությանը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում իբրև ռուսական միջամտության կապակցությամբ» Պուտինը նշել էր, որ նման չարաշահորդությունները հիմնված են ոչ հավաստի տեղեկատվության վրա։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող դեպքերը «Կիևում իշխանությունների՝ բնակչության ռուսախոս հատվածի շահերի հետ հաշվի չնստելու դժկամության և անկարողության» արդյունք են։

Ուկրաինայի արևելքում ապրիլի սկզբից լարված իրադրություն է։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող խմբերը շարունակում են Ուկրաինայի արևելքի տարբեր քաղաքներում իրենց վերահսկողության տակ պահել կառավարական շենքեր։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է երկրի արևելքում՝ Դոնեցկի մարզի հյուսիսում, հակաահաբեկչական գործողություն է սկսվել։

Մեկնաբանել