Խոդորկովսկին Կիևին կոչ է անում չսահմանափակել ռուսների մուտքը

ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին Ուկրաինայի նոր իշխանություններին կոչ է արել լուծել Ուկրաինա ռուսաստանցիների մուտքի հետ կապված խնդիրը։

«Երեկ հայտարարվեց «Ռուսաստանի՝ 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների» մուտքը Ուկրաինա սահմանափակելու մասին։ Չհայտարարված պատերազմի պայմաններում ձեր երկիրը վարձկաններից պաշտպանելու ցանկությունը հասկանալի է և օրինական։ Սակայն գործնականում այս որոշումը, և բազմաթիվ միջադեպերը սահմանին, որոնց մասին պատմում են ականատեսները, վախեցրել են տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց, ստիպում են նրանց փոխել իրենց անձնական, ընտանեկան ծրագրերը։ Սա ճիշտ չէ։ Առավելևս՝ ՍԲ Հարության տոնի նախաշեմին։ Դիմում եմ Ուկրաինայի իշխանություններին՝ ստեղծված խնդիրը լուծելու համար։ Նրանց, ովքեր համակրում են Ուկրաինային և նրա ժողովրդին, խնդրում եմ աջակցել դիմումիս»,- ասված է Խոդորկովսկիի մամուլի ծառայության կայքում տեղադրված հայտարարությունում։

Ապրիլի 17-ին ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի իշխանությունների կարգադրությամբ այսուհետ Ռուսաստանի՝ 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիներին թույլ չի տրվելու մուտք գործել Ուկրաինա։ Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունում «առկա որոշակի սահմանափակումները բացատրել էին երկրի արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողության իրականացմամբ»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևից պահանջել է պաշտոնական բացատրություններ ռուսաստանցիների համար մուտքի նոր սահմանափակումների կապակցությամբ և չէր բացառել պատասխան միջոցառումների կիրառումը։

Մեկնաբանել