Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություններ կլինեն. Սաղաթելյան

Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների տարի, կլինեն բազմապիսի միջոցառումներ, բայց միևնույն ժամանակ կլինեն քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։

Այս մասին ասել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցի, թե ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին՝ հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ թուրքական արձանագրությունների մասին, բայց չի անդրադարձել այդ արձանագրությունների ապագային:

«Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»,-ասել է նախագահի խոսնակը:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

Մեկնաբանել