Նավալնիին մեղավոր ճանաչեցին պատգամավորին զրպարտելու մեջ

Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ռուս ընդդիմադիր գործիչ, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ՝ նրան մեղավոր ճանաչելով մունիցիպալ պատգամավորին զրպարտելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատավոր Աննա Նեկրյաչը Նավալնիին դատապարտել է 300 հազ․ ռուբլու (մոտ $8,5 հազ․) չափով տուգանքի:

Քրեական գործը հարուցվել էր Ռուսաստանի իշխող «Եդինյա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Լիսովենկոյի հայցով, որը Նավալնիի Twitter-ում հայտնաբերել էր վիրավորական մակդիր և այն ընդունել էր՝ որպես անձամբ իրեն հասցեագրված։

Պատգամավորը վկայակոչել էր Twitter-ում մարտի 5-ին տեղ գտած գրությունը, որում ասված է․ «Թմրամոլ պատգամավորը կարծում է, որ LiveJournal-ի կամ Twitter-ի մատչումը կարող է օգտագործել միայն մեկ մարդ»։

Նախորդ լսումների ընթացքում Նավալնին հայտարարել էր, որ իր մեղքի որևէ ապացույց գտնել չի հաջողվել։ «Դիտավորություն չկա, ապացույցներ, որ դա հանցագործություն է, չկան։ Ես որևէ դրդապատճառ ունենալ չէի կարող, ես նրա [Լիսովենկոյին] հետ ծանոթ չեմ։ Դատարանում ապացուցվեծ է, որ թվիթները տեղադրվում են առանց իմ մասնակցության։ Խնդրում եմ ինձ արդարացնել»,- ասել էր Նավալնին դատարանում ապրիլի 18-ին։

Ինչպես դատարանի դահլիճից տեղեկացնում է BBC-ի թղթակիցը, դատավճռի ընթերցման ավարտին Նավալնին դատավորին ասել է, որ ինքը դատավճիռը չի հասկացել, սակայն դատավորն այնքան է կրկնել «թմրամոլ պատգամավոր» արտահայտությունը, որ ինքը գոհ է մնացել։

«Եթե թվիթը ջնջել էին առաջին նիստին հաջորդած գիշերը, նշանակում է՝ իրենք անձամբ են ընդունել իրենց մեղքը։ Դատավճռից գոհ եմ, հաղթանակը մերն է»,- դատարանի որոշումը մեկնաբանել է Լիսովենկոն։

Մեկնաբանել