25 ապրիլ, 2014 22:07

Առաջնային և երկրորդական հասցեատերերը. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Առաջնային և երկրորդական հասցեատերերը» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ առաջին անգամ արված ուղերձին:

Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանգներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսևորումը, ապրիլյան օրերին իբրև ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը և ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված հետ քայլը:

Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության շրջանակներում և այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները  մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որը ի վերջո բարձրագույն մակարդակից թուրքական պետության ներկայացուցիչը հայտարարում է, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին և աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարևոր նշանակություն ունի: Մնացյալը, ցավակցություն, հոգիների խաղաղություն, ընդհանուր զոհեր և ցավեր շարունակվում են տեղավորվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ։ Ապրիլ 24-ի բաժինը ևս որոշակիորեն համահունչ կարող է  նկատվել այդ բոլորին: Չպետք է մոռանալ միաժամանակ, որ նախ՝ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ներկայացնող թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում  Ստամբուլի, Անկարայի և տարբեր շրջաններում ծայր առած և հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչման միջոցառումներին։

Բայց կարևոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին և ընդհանրապես բոլոր հայերին  Էրդողանի ակնարկը, որովհետև ծխածածկույթի և մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:

Մշուշապատման այս պետական փորձը մատնում է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական «Թե.Ռե.Թե. Հաբեր» հեռուստակայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութողլուն վարչապետ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրև Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութողլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Այստեղ ևս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովրդների միջև ընթացող հարաբերությունները և ոչ թե Անկարա-Երևան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:

Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային և երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականորեն ո՛չ հայության ցավակից լինելն է, ո՛չ  Թուրքիայում զուտ հայկական շրջանակների ապրիլյան միջոցառումներ կազմակերպելու թույլտվություն տալը, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիներին խաղաղություն ցանկանալը: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարևոր դրույթներին համահունչ  կարևոր առավելություններ ձեռք բերելն է ի դիմաց միջազգային ընտանիքին: և ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:

Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլ նաև ապրիլյան միջոցառումներ իր քաղաքներում արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետությունը չէ, այլ նաև Ա. աշխարհամարտի ընթացքում ընկած զոհերի ժառանգորդներին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի ազգաբնակչության տեղահանության պատճառ հանդիսացող պետությունը չէ, այլ նաև ցեղասպանությունից վերապրածների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: և նման շատ  ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի  տեսությունը ընդունողին:

Ուրեմն նման փորձերով միջազգային ընտանիքը դրվում է Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումներ»-ի իրականության առջև:

Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաև Անկարան և իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախավորված հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք ևս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը: