Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության զարգացմամբ. Սերժ Սարգսյան

«Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ». ապրիլի 25-ին այսպիսի հայտարարություն է արել նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայում` Արևելյան գործընկերության գագաթաժողովի երկրորդ օրվա նիստին:

«Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է»,- ասել է նախագահը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի ապրիլի 24-ի ելույթին` նշելով, որ «փոխանակ նա խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը»:

«Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը դրական է գնահատել Արևելյան գործընկերության անցած ճանապարհը:

«Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է»,- ասել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար:

«Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «և -և» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` անհասկանալի համարելով այն, թե ինչ սկզբունքներով են Հայաստանն ու Ադրբեջանը միավորվել մի գործընկերության մեջ:

«Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով»,- ամփոփել է ելույթը Հայաստանի նախագահը: