Ռաուֆ Միրկադիրովը կմնա կալանքի տակ

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ խափանման նախնական միջոց ընտրված կալանքը վերանայելու բողոքը, հաղորդում է contact.az-ը:

Լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը կտրականապես մերժել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու պետական դավաճանությունը:

«Դատարանը հերթական անգամ ցույց տվեց օրենքի նկատմամբ իր բացասական վերաբերմունքը և անկախության բացակայությունը»,- ասել է Աղաևը:

Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայից Բաքու արտաքսվելուց անմիջապես հետո և մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների գծով բաժնի ղեկավար Յոհան Բիրը Միրկադիրովի դեմ մեղադրանքները ամբողջովին անհեթեթ և հիմար է որակել:

Նրա ձերբակալության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Պետքարտուղարությունը: