Լեյլա Յունուսի և Լաուրա Բաղդասարյանի հայտարարությունը Միրկադիրովի գործով

Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Լեյլա Յունուսը և «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության վերաբերյալ և կոչ անում ազատել նրան:

«Մենք՝ երկու կանայք՝ իրավապաշտպան և լրագորղ, երկու մայր՝ Ադրբեջանից և Հայաստանից, համագործակցում ենք մոտ տասը տարի, կանգնած ենք թիկունք թիկունքի տված՝ ավելի քան 20 տարի պատերազմի մեջ գտնվող մեր ժողովուրդների միջև հասարակական երկխոսություն ստեղծելու և ամրապնդելու ոչ դյուրին գործում: Մոտ տասը տարի է՝ մենք քայլում ենք ձեռք ձեռքի տված՝ թողարկելով համատեղ հոդվածներ, գրքեր և վեջապես ստեղծելով առաջին ու միակ յուրօրինակ համատեղ կայքը, որը հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության դաշտ է»,-ասված է հայտարարությունում:

Լեյլա Յունուսը և Լաուրա Բաղդասարյանը նշում են, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ Գլխավոր դատախազության և ազգային անվտանգության նախարարության հետախույզներից միացյալ խումբ է ստեղծվել՝ «Ադրբեջանում Հայաստանի լրտեսների մեծ ցանցը բացահայտելու նպատակով»: «Դժվար չէ կանխատեսել, որ այդ ցանցում ծրագրվում է ներառել հենց մեր Երկխոսության մասնակիցներին»,- ընդգծում են իրավապաշտպանն ու լրագրողը՝ հավելելով, որ ապրիլի 19-ին Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովը իրենց կայքում անցկացվող ինտերնետ-համաժողովների, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային համաժողովների ակտիվ մասնակից է եղել:

Հայտարարությունում նշվում է, որ արդեն ճնշում է գործադրվում նաև Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յունուսովի վրա: Վերջինս, հանդիսանալով Կովկասի ժամանակակից պատմության խնդիրների (մասնավորապես Ղարաբաղյան խնդրի) վերաբերյալ ութ գրքի և ավելի քան 230 հոդվածների հեղինակ, 2001թ. սկսած ամեն տարի ակտիվորեն մասնակցել է Հայաստանում միջազգային համաժողովների: Ներկայում Յունուսովը նախակաթվածային վիճակում է և հոսպիտալացվել է:

Յունուսի և Բաղդասարյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները, «բացահայտելով լրտեսական ցանցը», վերջ կդնեն անկախ գիտարտադրական միավորումների մասնակցությամբ հայ-ադրբեջանական համատեղ ծրագրերին:

«Դիմում ենք աշխարհում բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Բարձրացրե´ք ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Կովկասի խաղաղության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ատելության և թշնամանքի հրահրման դադարեցման: Պահանջե´ք երկու մանկահասակ աղջիկ երեխաների հոր՝ Ռաուֆ Միրկադիրովի անհապաղ ազատումը կալանքից: Պահանջե´ք ժողովրդական դիվանագիտության, մեր Երկխոսության ակտիվիստների, մեր երկրների միջև խաղաղության և ժողովրդավարության կողմնակիցների նկատմամբ հետապնդման դադարեցում: Աջակցեք մեզ այս դժվարի ժամանակներում»,- կոչ են անում ադրբեջանցի իրավապաշտպանը և հայ լրագրողը՝ ընդգծելով, որ իրնք դեմ են հարևանի նկատմամբ ատելության մթնոլորտին, թշնամություն սերմանող քաղաքականությանը:

Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայից Բաքու արտաքսվելուց անմիջապես հետո ևմեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների գծով բաժնի ղեկավար Յոհան Բիրը Միրկադիրովի դեմ մեղադրանքները ամբողջովին անհեթեթ և հիմար է որակել:

Նրա ձերբակալության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Պետքարտուղարությունը: