Խոշոր բիզնեսն ապահովել է հարկային մուտքերի շուրջ 65%-ը

Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե վճարվել է 154,3 մլրդ դրամի հարկ. սա 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8 մլրդ-ով կամ 5,5%-ով։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է «2014թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների» ցանկը։ 1000 խոշոր հարկատուների կողմից առաջին եռամսյակում պետբյուջե վճարած հավելյալ գումարի մոտ կեսն ապահովել է «Գազպրոմ Արմենիան»՝ գազի սակագնի բարձրացման և իրացման ծավալների աճի հաշվին։

Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե է վճարվել 154,3 մլրդ դրամի հարկ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8 մլրդ-ով կամ 5,5%-ով։ Գումարի մոտ 57%-ը բաժին է ընկել անուղղակի հարկերին (ԱԱՀ, ակցիզային հարկ), մոտ 31%-ն ապահովել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտային հարկ), մնացած մասը՝ հաստատագրված վճարներն ու տուրքերը, պարտադիր այլ վճարները։ Խոշոր հարկ վճարողներն ապահովել են պետբյուջեի հարկային մուտքերի շուրջ 65%-ը։

Ինչպես և անցած տարվա առաջին եռամսյակում, այս տարի ևս խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «Գազպրոմ Արմենիան» («ՀայՌուսգազարդը»)՝ վճարելով 17,7 մլրդ դրամի հարկ։ Սա 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4,5 մլրդ-ով կամ 33,5%-ով։ Ընկերության վճարած հարկերի ծավալի աճը մի կողմից պայմանավորված է 2013թ. հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումով, մյուս կողմից՝ այս տարվա առաջին եռամսյակում իրացված գազի ծավալների աճով։ Փաստացի, վերջնական սպառողների համար գազի գնի բարձրացումն ապահովել է պետբյուջե խոշոր հարկատուների կողմից վճարած հավելյալ գումարի 50%-ը։

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող և պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունն է։ Ուշագրավ է, որ առաջին եռամսյակում ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է 1,4 մլրդ դրամով կամ 36%-ով՝ մինչև 5,22 մլրդ դրամ։ Աճը տեղի է ունեցել ներկրման ծավալների ավելացման հաշվին՝ խոսելով առաջին եռամսյակում ինչ-որ ապրանքատեսակի խոշոր խմբաքանակի ներկրման մասին։ Որ ընկերությունը շարունակում է գործել ստվերում, վկայում է նաև այն, որ այս տարվա առաջին եռամսյակում վճարած ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտային հարկ) ծավալը 2013թ. համեմատ նվազել է 1 մլն դրամով՝ կազմելով 418 մլն։ Ուղղակի հարկերի մասնաբաժինը ընկերության վճարած ընդհանուր հարկերում աննշան է՝ 8%, և սա այն դեպքում, երբ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է հենց «Ալեքս գրիգ» ընկերությանը։

Երրորդ հորիզոնականում «ԱրմենՏելն» է՝ վճարելով 4,23 մլրդ դրամի հարկեր։ Սա 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,5 մլրդ-ով կամ 14,4%-ով։

Չորրորդը հանքարդյունաբերական խոշորագույն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որն առաջին եռամսյակում վճարել է մոտ 3 մլրդ դրամի հարկեր՝ 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը նվազեցնելով 460 մլն դրամով կամ 13,4%-ով։ Համաշխարհային շուկայում նվազել են մետաղի գները, կրճատվել են նաև կոմբինատի արտադրության ծավալները։

Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում նավթամթերքի երկու խոշոր ներկրողներն են՝ «Ֆլեշը» և «ՍիՓիԷս օիլ քորփորեյշնը», վճարելով, համապատասխանաբար՝ 2,57 մլրդ և 2,3 մլրդ դրամի հարկեր։ «Ֆլեշ» ընկերության պարագայում վճարած հարկերի ծավալը 2013թ. առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 180 մլն դրամով կամ 6,5%-ով։ «ՍիՓիԷս օիլ քորփորեյշը» վճարած հարկերի ծավալն ավելացրել է մոտ 100%-ով կամ 1,1 մլրդ դրամով։ Վճարած հարկերի կառուցվածքից երևում է, որ աճը ամենայն հավանականությամբ պայմանավորված է ներկրված խոշոր խմբաքանակով։

Յոթերորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիայի» դուստր «Տրանսգազ» ընկերությունն է՝ 1,8 մլրդ-ով։ 2013թ. առաջին եռամսյակի համեմատ «Տրանսգազի» հարկերի ծավալն ավելացել է մոտ 700 մլն դրամով կամ 60%-ով։ Սա նույնպես պայմանավորված է Հայաստան ներկրված գազի ծավալների 7,7% աճով։

Ութերորդը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են՝ 1,8 մլրդ դրամ հարկերով։ Սա 2013թ. առաջին եռամսյակի համեմատ պակաս է 724 մլն դրամով կամ 28%-ով։ Վճարած հարկերի ծավալի նման կրճատումը, որը տեղի է ունեցել անուղղակի հարկերի հաշվին, ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի սակագինը 27%-ով բարձր էր։ Կրճատման պատճառը ընկերության կողմից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունն է (ավելացել է ջէկ-երի թանկ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը)։ Ընկերության կողմից վճարված ԱԱՀ-ն հաշվարկվում է ձեռք բերված և իրացված գնի տարբերության վրա. ձեռքբերվող գնի ավելացման արդյունքում և տեղի է ունենում ԱԱՀ-ի նվազում։

Իններորդ հորիզոնականում է սիգարետ արտադրող «Գրանդ-տոբակո» ընկերությունը, վճարած 1,77 մլրդ դրամ հարկերով։ 2013թ. առաջին եռամսյակի համեմատ ծավալը կրճատվել է 100 մլն դրամով կամ 5,3%-ով։

Տասնյակը եզրափակել է «Օրանժ Արմենիան»՝ վճարելով 1,5 մլրդ դրամի հարկեր։ Հեռահաղորդակցության ոլորտի այս ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 1 մլրդ-ով կամ երկու անգամ։