Փլուզումն անխուսափելի է

Իշխանության մեջ ցնցումից հետո, որն առաջացավ Տիգրան Սարգսյանին պաշտոնաթող անելու պատճառով, Սերժ Սարգսյանին մեծ դժվարությամբ հաջողվեց վերադասավորել իշխանական բուրգը։ Արդյունքում վարչապետի պաշտոնում հայտնվեց Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ նախագահի աթոռին կհայտնվի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Թե հանրության կողմից ինչպես են ընկալվում այս երկու գործիչները, թերևս չարժե մեկնաբանել։ Պետական ամենաբարձր պաշտոններում նման գործիչների հայտնվելը խոսում է Սերժ Սարգսյանի իշխանական համակարգի բացարձակ դեգրադացիայի մասին։ Իշխանական բուրգում տեղի ունեցող գործընթացները դեգեներատիվ բնույթի են, ինչը անխուսափելիորեն ավարտվելու է ներկայիս իշխանության փլուզմամբ։

Սերժ Սարգսյանի կադրային բանկը դատարկ է: Նրա հաստատած խաղի կանոնների պայմաններում այլ կերպ հնարավոր էլ չէր: Գործող իշխանական համակարգը նախաձեռնող, սկզբունքային ու սեփական կարծիք ունեցող գործիչներին պարզապես չի հանդուրժում: Տիրակալին հարկավոր են կամքից ու նախաձեռնությունից զուրկ, որակական և մտավոր առումով թույլ կադրեր՝ յուրաքանչյուր հրահանգ կուրորեն կատարելու համար:

Իշխանավարության վերջին տարիներին Սերժ Սարգսյանի կառավարման մոդելը բյուրեղացավ: Կազմավորվեց իշխանական այնպիսի ուղղաձիգ, որը խիստ երերուն է ու խոցելի քաղաքական ճգնաժամերի և սուր առճակատման դեպքում:

Սերժ Սարգսյանի իշխանությունը թևակոխել է ինքնաչեզոքացման փուլ: Պետական ու իշխանական համակարգը կատարյալ դեգրադացիայի մեջ է և գործառույթների իրականացման տեսակետից կաթվածահար։ Ցեղերը, իշխանությունները կամ քաղաքակրթությունները մահանում են այն ժամանակ, երբ դեգրադացիայի և ներքին դեգեներացիոն գործընթացների պատճառով կորցնում են ֆիզիոլոգիապես վերարտադրվելու կարողությունը: Այժմ Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ այն կորցրել է վերարտադրվելու ունակությունը, փլուզումն անխուսափելի է։

Գալուստ Սահակյանն ու Կալիգուլայի ձին

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը նման նշանակումներով ամենակարողության պատրանք է անում՝ «ինչ ցանկանամ, կանեմ, ում ուզենամ, կնշանակեմ» սկզբունքով: Սակայն պատմության մեջ բազմաթիվ են նման ինքնախաբեության դեպքերը, որոնք ճակատգրական ավարտ են ունեցել իրենց ամենակարող տիրակալ երևակայողների համար: Այդպիսի դասական օրինակ է Հռոմեական կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը (12-41 թթ.), նույն ինքը՝ Կալիգուլան։ Անսահմանափակ իշխանություն ունենալու ճանապարհին նա իրեն հռչակեց Աստված և պարտադրեց երկրպագել իրեն։ Չսահմանափակվելով` Կալիգուլան իր նժույգ Ինցիտատին նշանակեց սենատոր և կայսրության հպատակներին ու էլիտային պարտադրեց հպատակվել և ծառայել նրան: Ճիշտ է՝ այս պատմությունը կարելի է վերագրել այն հանգամանքին, որ այս ամենը կայսր Կալիգուլայի հոգեխանգարմունքի և շեղվածության հետևանք է: Սակայն իրականում իրեն Աստված հռչակելով և ձիուն սենատոր կարգելով՝ Կալիգուլան շատ հստակ հասկացնում էր հատկապես հռոմեական էլիտային, որ Հռոմում իր անսահմանափակ իշխանությունն անվիճարկելի է, և ինքը կարող է պարտադրել ստորացուցիչ որոշումներ, որոնք անվերապահորեն պետք է ընդունվեն և հարգվեն: Սակայն այդպիսի որոշումները անսահմանափակ և անպատժելի իշխանության իմիտացիա են: Այս ամենը կատարվում էր մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարական արժեքները ներկայիս ընկալմամբ գոյություն չունեին, իսկ կայսեր իշխանությունը ոչ թե ժողովրդից էր, այլ «աստվածներից»: Նույնիսկ այդպիսի պայմաններում սենատորներն ու արքունի զորքը չհանդուրժեցին Կալիգուլայի իշխանության ցինիկ ու ստորացուցիչ պարտադրանքը և 41թ. նա դավադրության արդյունքում սպանվեց:

Ճիշտ է՝ ժամանակներն ու դերակատարները հիմա բոլորովին ուրիշ են, սակայն իշխանավարման բովանդակությունն ու սկզբունքները նույնն են:

Հայաստանում քաղաքական ուժերի և հասարակության համար միակ խնդիրն է պետությունը փրկել գործող իշխանությունների փլատակների տակ հայտնվելու վտանգից: Միացված է Սերժ Սարգսյանի իշխանության գոյության հետհաշվարկը: