29 ապրիլ, 2014 16:41

Ֆրանսիացիները կֆինանսավորեն էներգաարդյունավետ բնակարանները

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը Հայաստանի Ազգային հիփոթեքային ընկերությանը 12 տարի ժամկետով 10 մլն եվրո վարկ է տրամադրում, որպեսզի վերջինս վերաֆինանսավորի բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգումը։ Ազգային հիփոթեքային ընկերությանը 1.5 մլն եվրո էլ կհատկացվի Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի տեխնիկական աջակցության և վարկատուներին դրամաշնորհներ տրամադրելու ծրագրի շրջանակում։

Ապրիլի 29-ին Երևանում ծրագրի շնորհանդեսին Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանում միջին և ցածր եկամուտ ունեցող 3000 ընտանիքների տրամադրել վարկեր, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը:

Վարկերը տրամադրվելու են Ազգային հիփոթեքային ընկերության գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից` 5-10 տարի ժամկետով` մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:

Եդիգարյանի խոսքով՝ վարկերը լինելու են երկու տեսակի՝փոքր և միկրո վարկեր:

Մհեր Եդիգարյանի խոսքով՝ եթե վարկի մինչև 50%-ը ուղղված լինի էներգաարդյունավետության բարձրացմանը, դրա 10%-ի չափով կտրամադրվի դրամաշնորհ:

Մինչև 4000 եվրոյին համարժեք դրամով վարկերը տրամադրվելու են առնվազն 5 տարի ժամկետով և մեկ տարի արտոնյալ պայմանով՝ բնակարանների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման համար։ Եթե վարկի մինչև 50%-ը ուղղված լինի էներգաարդյունավետության բարձրացմանը, դրա 10%-ի չափով կտրամադրվի դրամաշնորհ, և այդ գումարի չափով կնվազեցվի վարկի մնացորդային գումարը։

4000-ից մինչև 10 000 եվրո վարկերը տրամադրվելու են առնվազն 10 տարի մարման ժամկետով և 2 տարի արտոնյալ ժամկետով: Եթե վարկով կատարված աշխատանքների արդյունքում բնակարանի էներգաարդյունավետության մակարդակը բարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա վարկի 5%-ի չափով դրամաշնորհ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանը զգում է էներգախնայողության կարիքները, հատկապես վերջին շրջանում, երբ բնակչության մի մասի եկամուտների զգալի մասը ուղղվում է էներգետիկ ծախսերի ֆինանսավորմանը։