Ավետիք Սահակյանից Գալուստ Սահակյան. 1918-2014

1918-ից մինչև այսօր Հայաստանն ունեցել է խորհրդարանի 25 նախագահ, որից 3-ը` Առաջին Հանրապետության, 13-ը` Խորհրդային Հայաստանի, և 9-ը` այսօրվա Հայաստանի ժամանակ: Գալուստ Սահակյանը դարձավ 26-րդը:

Խորհրդարանի առաջին նախագահը եղել է Ավետիք Սահակյանը, որը պաշտոնավարել է մինչև 1919-ի օգոստոս, երբ ընտրությունների արդյունքում ձևավորվեց նոր խորհրդարանը` կազմված հիմնականում ՀՅԴ-ականներից: Իրականում, այն տարին, երբ Ավետիք Սահակյանն էր գլխավորում խորհրդարանը, այն կոչվում էր Հայաստանի խորհուրդ և ոչ թե ընտրովի, այլ նշանակովի մարմին էր, որում ընդգրկվել էին ժամանակի հայ քաղաքական կյանքի հիմնական դերակատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները: 1919-ի գարնանը կայացած խորհրդարանական առաջին ընտրությունների արդյունքում ձևավորված պառլամենտի նախագահ դարձավ Ավետիս Ահարոնյանը: Առաջին հանրապետության գոյության վերջին մեկ ամսվա ընթացքում` 1920-ի նոյեմբերից, խորհրդարանի նախագահ դարձավ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Խորհրդային Հայաստանը ունեցել է խորհրդարանի 13 նախագահ: Այդ պաշտոնը այն ժամանակ կոչվում էր Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ: Կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանին ևս համարել Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ, քանի որ, իրավական առումով, երբ Տեր-Պետրոսյանն ընտրվեց, Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր: Խորհրդային ժամանակների խորհրդարանի նախագահներից նշենք մի քանիսի անունը` Մացակ Պապյան (1937-1954), Բաբկեն Սարկիսով (1975-1985), Հրանտ Ոսկանյան (1985-1990):

Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվեց 1990թ. օգոստոսի 4-ին: Ընտրությունը բավականին դժվար էր այն իմաստով, որ նրա հետ պայքարի մեջ էր մտել Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը: Նոր խորհրդարանը կազմված էր կոմունիստներից և ՀՀՇ-ականներից: Անհրաժեշտ եղավ քվեարկության մի քանի փուլ և մի քանի օր, որպեսզի պարզվի, թե ով է դառնալու դեպի անկախություն շարժվող Հայաստանի խորհրդարանի նախագահը, որը փաստացի այդ ժամանակ երկրի առաջնորդն էր: Այն ժամանակահատվածը, երբ Տեր-Պետրոսյանն էր խորհրդարանի նախագահը, Հայաստանն ապրում էր բուռն ժամանակաշրջան. հոգեվարքի մեջ էր Խորհրդային Միությունը, իսկ 15 հանրապետությունների մի մասը, այդ թվում` Հայաստանը, գնում էր դեպի անկախություն:

Տեր-Պետրոսյանը, ինչպես և խորհրդարանի բոլոր նախագահները, ինչ-ինչ պատճառով չեն հասցրել ավարտել իրենց նախագահության շրջանը` հնգամյակը: 1991թ. հոկտեմբերին Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի առաջին նախագահ, և խորհրդարանի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: Նա նախագահի պաշտոնը զբաղեցրեց մինչև 1995թ., երբ արդեն անկախ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական առաջին ընտրությունները: ՀՀՇ-ն իշխանությունը պահեց` կեղծելով ընտրությունները: Խորհրդարանի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: Սակայն Արարքցյանին վիճակված չէր մինչև վերջ պաշտոնավարել, որովհետև 1998թ. փետրվարի առաջին օրերին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և նրա հետ հեռացավ նրա համախոսհների թիմը, այդ թվում` Արարքցյանը:

Արարքցյանի նախագահության շրջանում խորհրդարանն ընդունել է բազմաթիվ կարևորագույն օրենքներ: Երկիրն անկախացել էր, ամեն ինչ նոր էր և պետք էր հարմարվել նոր իրավիճակին: Այդ ժամանակաշրջանի խորհրդարանն ուշագրավ էր նրանով, որ այնտեղ չկային օլիգարխներ, մականունավորներ, և կար քաղաքական բանավեճ: Թեև Հայաստանը ընդամենը մի քանի տարվա անկախության անցյալ ուներ, բայց քաղաքական բանավեճը, բանավեճի մակարդակը բարձր էր:

Արարքցյանի հրաժարականից հետո խորհրդարանի նախագահ դարձավ Հայաստանի նախկին վարչապետներից Խոսրով Հարությունյանը: Նա խորհրդարանը նախագահեց ընդամենը մեկ տարի, քանի որ 1999թ. գարնանը տեղի ունեցան խորհրդարանական նոր ընտրություններ։ Այդ ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ Խորհրդային Հայաստանի երկար տարիների առաջնորդ Կարեն Դեմիրճյանը:

Դեմիրճյանին ևս բախտ չվիճակվեց մինչև վերջ պաշտոնավարել, որովհետև նույն տարվա հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչություն: Սպանվեց ութ մարդ, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը` օրվա ամենահզոր անձնավորությունը: Այդ իրավիճակում տեղի ունեցավ խորհրդարանի նոր նախագահի ընտրություն, և նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արմեն Խաչատրյանը, որը հեղինակություն և քաղաքական հարուստ անցյալ չուներ: Հայաստանում շատ քչերն էին նրան ճանաչում:

2003-ի գարնանը կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք նույնպես կեղծվեցին: Խորհրդարանի նախագահ դարձավ Արթուր Բաղդասարյանը: 2006թ. նա լուրջ կոնֆլիկտ ունեցավ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և ստիպված հրաժարական տվեց:

Խորհրդարանի նախագահ դարձավ Տիգրան Թորոսյանը: 2007թ. գարնանը տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնք հերթական անգամ կեղծվեցին: Թորոսյանը կրկին դարձավ նախագահ, սակայն 2008թ. սեպտեմբերին հրաժարական տվեց, քանի որ խորհրդարանի նախագահ էր ուզում դառնալ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս խորհրդարանի միակ նախագահն է, որը երկու անգամ, սակայն ընդմիջումով, զբաղեցրել է այդ պաշտոնը: Երբ 2011թ. նոյեմբերին նա հեռացավ խորհրդարանից, նրան փոխարինեց Սամվել Նիկոյանը: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը վերադարձավ և այդ աթոռից հրաժարվեց այս տարվա ապրիլի 13-ին, քանի որ վարչապետ էր ուզում դառնալ:

Ապրիլի 29-ին խորհրդարանի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: