Հարատև կառավարման վտանգը

Գալուստ Սահակյանի ընտրության հետ կապված արդյունքները հօգուտ Սերժ Սարգսյանի էին: Այդ հաջողության պատասխանատուն ԲՀԿ-ն է, և քվեարկությունից հետո հնչող արդարացումներն անհիմն են:

Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի օգտին գրանցված ցանկացած հաջողություն մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ այդ հաջողությունները նախադրյալներ են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների համար, ինչը հաջողելու դեպքում Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում կզբաղեցնի մշտական տեղ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պետությունների ղեկին կան հարատև քաղաքական գործիչներ, այդ պետությունները գնում են դեպի չքավորություն: Դրա վառ ապացույցն են Հյուսիսային Կորեան, Կուբան և այլն:

Քաղաքական այն համակարգը, որ Հայաստանում է, իր առջև խնդիր է դնելու ոչնչացնել քաղաքական բոլոր սուբյեկտներին, որպեսզի հնարավոր դարձնի Սերժ Սարգսյանի հարատև կառավարումը: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի մարդկանց զրկել սեփականությունից: Պարզ է, որ առանց մասնավոր սեփականության, ցանկացած պետություն գնում է դեպի ավտորիտարիզմ կամ տոտալիտարիզմ, իսկ նման ընթացքի ավարտն անդունդն է:

Զարգացման նման նախագիծը մարտահրավեր է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար, քանի որ, Սերժ Սարգսյանից բացի, տուժելու է յուրաքանչյուրը: Այդ իսկ պատճառով այս նախագծի վիժեցումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական ուժի օրակարգի առաջին խնդիրը։ Ստեղծվող նոր համակարգը չի խնայելու ոչ մեկին:

Այս պահին Սերժ Սարգսյանի օգտին գրանցված հաջողությունը պետք է վիժեցնել, հակառակ դեպքում նա կկարողանա վերականգնել իր թուլացած դիրքերը, որն էլ վերը նշված նախագծի իրականացման համար նախադրյալներ կստեղծի:

Սարգսյանի գրանցած վերջին հաջողությունը դարձյալ ոչ հրապարակային գործընթացների արդյունք է, ինչը ևս մեկ անգամ հաստատեց, որ անդրկուլիսյան գործընթացում իշխանությունը միշտ էլ հանդես է գալիս ուժեղի դիրքերից: Որպեսզի հնարավոր լինի խուսափել կուլիսային ճնշումներից՝ քաղաքական ուժերը և առանձին անձինք պետք է իրենց բոլոր հնարավոր գործողությունները կատարեն հրապարակային և թափանցիկ:

Այսօր դաշտում քննարկվում է ստեղծված իրավիճակից դուրս գալու բազմաթիվ քայլեր․ կան նաև տարաձայնություններ՝ իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ, սակայն պետք է հստակ գիտակցել, որ եթե ստեղծված տարաձայնությունները չհարթվեն, ապա երկարաժամկետ հատվածում կործանման են դատապարտվելու շատերը: Կործանումից խուսափելու համար անհրաժեշտ է համախմբվել և մշակել ստեղծված իրավիճակից դուրս գալու օպտիմալ ճանապարհ: