Սպիտակ տունն իր համաձայնությունն է տվել 2014թ.աշնանը հանրային ցուցադրման դնել «Հայ որբերի գորգը», որը 1920թ. գործել են Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաները, և որը1925թ. նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ որպես երախտիքի նշան Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության և մեծահոգության համար: Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Սպիտակ տան այս հայտարարությունը ողջունել են կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Էդ Մարքին:
«Ես գոհունակությամբ հայտնում եմ, որ մեկնարկել են Հայ որբերի գորգն արդեն այս տարվա աշնանը ցուցադրության դնելու աշխատանքները: Սպիտակ տան հետ համատեղ մենք պայմանավորվել ենք, որ ցուցադրությունը կանցկացվի հասարակության համար բաց վայրում, և ես գնահատում եմ նյութական, մշակութային մեծ արժեք ունեցող այս նմուշը բոլորին ցուցադրելու համար իրենց պատրաստակամությունը», – կոնգրեսական Շիֆի խոսքը մեջբերվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:
Գորգի շուրջ վեճերը սկսվել են 2013թ. հոկտեմբերից, երբ Սպիտակ տունը կտրուկ և առանց բացատրության հրաժարվեց «Հայ որբերի գորգի»՝ 2013-ի դեկտեմբերի 16-ին նախապես համաձայնեցված ցուցադրությունից, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Միջազգային հանրային ռադիոյին (PRI) տված հարցազրույցում Washington Post-ի մեկնաբան Ֆիլիպ Քենքոթը նշել է, որ Սպիտակ տունը, մերժելով գորգի ցուցադրությունը, Թուրքիային է սատարում է Հայոց ցեղասպանության մերժողականության մեջ:
2013թ. նոյեմբերին Ադամ Շիֆը և կոնգրեսական Դևիդ Վալադաոն 31 այլ կոնգրեսականների հետ համատեղ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով թույլ տալ ցուցադրել գորգը: Այնուհետև Շիֆը երկարատև աշխատանքներ է տարել Սպիտակ տան հետ՝ գորգի ցուցադրության համար որևէ եղանակ փնտրելու նպատակով:
«Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 մլն ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ որբացած աղջիկները Ղազիրի որբանոցում: Այն նախագահ Քուլիջին հանձնվել է 1925թ. դեկտեմբերի 4-ին՝ Սուրբ ծնունդի առիթով: