Արցախի վերաբնակեցումը. քարոզ և իրականություն

Արցախի վերաբնակեցման մասին շատ է խոսվում. քարոզչական բնույթի նյութերից մինչև քննադատություն անընդհատ հայտնվում են մամուլի էջերում: Իրականությունը դրանից չի փոխվում: Կամ ավելի շուտ ցավալիորեն փոխվում է դեպի վատը: Այսօր, 12 հազ. քառ. կմ տարածքում պաշտոնական տվյալներով ապրում է 140 հազարից մի քիչ ավելի մարդ, որոնց 10 տոկոսից մի քիչ ավելին՝ վերաբնակեցվող գոտում: Համեմատության համար նշենք, որ 10 հազ. քառ. կմ ունեցող Լիբանանում ավելի քան 4 միլիոն մշտական բնակչություն կա:

Վերջերս Արցախյան իշխանական/հանրային լրատվամիջոցներն աղմուկով լուսաբանեցին մի իրադարձություն. Սյունիքի մարզի և Արցախի 700 երիտասարդներ ԼՂՀ առաջին դեմքերի և Սյունիքի մարզի ղեկավարության գլխավորությամբ եկել էին նոր հիմնադրված Արաքսավան բնակավայր և հայրենասիրական երգերի ու խոսքերի ներքո անցկացրել էքսկուրսիան: Հադրութի շրջանի Արաքսավանը մոտ 20 վագոն-տնակից բաղկացած բնակավայր է, որտեղ այժմ մոտ 50 մարդ է բնակվում: Ամենայն հավանականությամբ Արաքսավանը հիմնադրվել է շրջակա հարյուրավոր հեկտար հողերի մշակման համար աշխատուժ ապահովելու նպատակով: Համաձայն արցախյան պաշտոնյաների՝ այդտեղ պետք է նաև վերամշակող ձեռնարկություններ հիմնվեն՝ ստացած բերքի մշակման համար: Այս գաղափարները միանշանակ ողջունելի են, հատկապես այն պատճառով, որ Արցախը բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ աչքի չի ընկնում: Սակայն անհասկանալի է այս ամենը վերաբնակեցման քարոզչության համար օգտագործելը:

Քաշաթաղի շրջանը 20 տարեկան է: Արցախի տարածքի մեկ երրորդը կազմող շրջանում բնակվում է Արցախի բնակչության ընդամենը 1/15-րդ մասը: Գյուղատնտեսական շրջան է, հարավային մասը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, հյուսիսայինը՝ անասնապահությամբ:

Քաշաթաղում հաճախ եմ լինում: Այս անգամ բավական մռայլ տպավորություններով եմ վերադարձել Ստեփանակերտ: Բնակիչները կարողանում են հողագործությունից նորմալ եկամուտներ ստանալ, վստահ կարելի է մեծ մասին դասել միջին խավին: Սակայն պետության կողմից հիմնական պարտավորությունների չկատարումը այս տարածքներից արտագաղթի պատճառ է հանդիսացել: Ավելին, պետությունն այստեղ ասոցացվում է ոչ թե ենթակառուցվածքներ ստեծղողի, այլ դրանք ոչնչացնողի հետ:

Այսպես, Միջնավան քաղաքը խմելու ջուր չունի, բնակիչները մեքենաներով ջուր են բերում հարևան բնակավայրերից: Քաղաքի ջրագիծը տարիներ առաջ ապամոնտաժվել էր: Երիտասարդ ընտանիքները կամաց հեռանում են քաղաքից: Տասը տարի առաջ դպրոցում սովորում էր 150 աշակերտ, այսօր՝ 56: Տասը տարում Միջնավանից «երկու Արաքսավան» է պակասել, այն էլ՝ դպրոցահասակ: Պարզվում է՝ ջրագծերն ապամոնտաժելը Քաշաթաղի շրջանում արդեն սովորույթի ուժ ունի:

Համաձայն Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալի՝ ժամանակի շրջանային ոստիկանապետի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ ապամոնտաժվել էին Քաշաթաղի հարավային թևի մի շարք բնակավայրերը սնուցող ջրատարեր (մանրամասն տես՝ «Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալն այսօրվա ղեկավարին մեղադրում է ապօրինություների մեջ»): Այդ ժամանակվա ոստիկանապետն այսօր Քաշաթաղի շրջանի ղեկավարն է: Ահա այսպիսի վերաբնակեցման քաղաքականություն:

Միգուցե հենց սա է պատճառը, որ Արցախի իշխանությունների համար 20 վագոն-տնակի տեղադրումը համազգային տոնախմբություն է՝ արժանի շքեղ լուսաբանման: Վերաբնակեցման քաղաքականության ձախողման պատճառը մեկն է՝ Արցախի իշխանությունների չկամությունը և խնդիրների առկայությունը որևէ կերպ չընդունելը: