Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Սլավյանսկում առաջին զոհերի մասին: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ մայիսի 2-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի զինված ուժերի պարեկություն իրականացնող երկու ուղղաթիռի ուղղությամբ, որի հետևանքով երկու զինվորական զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Ավելի վաղ Սլավյանսկի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ օդաչուներից մեկը գերի է վերցվել:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սլավյանսկում ահաբեկիչների ինն անցակետ վերահսկողության տակ է առնվել, ահաբեկիչները կրակ են բացել ուկրաինական զորքի վրա՝ ծանր սպառազինության կիրառմամբ:
Ավակովի խոսքով՝ Սլավյանսկն օղակի մեջ է առնված։
«Իսկական մարտ է ընթանում պրոֆեսիոնալ վարձկանների դեմ: Ահաբեկիչները թաքնվում են Սլավյանսկի խաղաղ բնակիչների հետևում՝ բազմաբնակարան շենքերում: Նրանք գիտեն հակաահաբեկչական գործողության անդամներին տրված հատուկ հրամանի մասին՝ պատասխան կրակ չբացել բնակելի օբյեկտների դեմ»,- գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարը:
Քաղաքում երկաթուղային հաղորդակցությունը, հատուկ գործողություններով պայմանավորված, դադարեցվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սլավյասկի երկաթուղային կայարանի աշխատակցուհին:
Ուկրաինական բանակը մայիսի 2-ի առավոտյան լայնածավալ հատուկ գործողություններ է սկսել Սլավյանսկում: