5 մայիս, 2014 20:30

Կառավարության ծրագիրը կարևոր հանգրվան կլինի

Մայիսի 3-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամբողջական տեսք ստացավ: Այժմ սպասվում է, որ այն քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի դատին կներկայացնի իր ծրագիրը:

Հովիկ Աբրահամյանից և նրա կառավարությունից դրական ակնկալիքներ ունենալն անիմաստ է: Սերժ Սարգսյանի իշխանավարման մոդելի պայմաններում Աբրահամյանն իր նախարարներով ընդամենը գործիք է լինելու գործող նախագահի ձեռքում:

Քաղաքական բացարձակ մենաշնորհ ունենալու համար Սերժ Սարգսյանն 2008-ից ի վեր վարում է կապիտալի գերկենտրոնացման քաղաքականություն: Իշխանության մեջ գտնվելու տարիների փորձը նրան հուշում է, որ երկրի ներսում կապիտալի ամբողջական վերահսկողությունը հանգեցնում է քաղաքական մենիշխանության: Ուստի ազատ ու իշխանությունների կողմից չվերահսկվող կապիտալը անմիջական վտանգ է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենիշխանության համար:

Հովիկ Աբրահամյանը բնականաբար պետք է տեղավորվի այդ մոդելի շրջանակում՝ փորձելով կոշտ ու փափուկ միջոցներով իշխանությունների համար վերահսկելի պահել կապիտալը: Նորանշանակ վարչապետը չունի այն աշխարհայացքն ու սկզբունքայնությունը, որ փորձի համակարգի ներսում ընդդիմանալ Սերժ Սարգսյանին՝ այլընտրանքային քաղաքականություն վարելով: Բացի այդ, գործող նախագահի հետ մրցակցելու համար նա նախ համապատասխան թիմ չունի, օլիգարխիկ կապիտալի տեր է, ուստի  խիստ խոցելի և վերահսկելի է Բաղրամյան 26-ի կողմից:

Միայն մի  դեպքում Աբրահամյանը կդավաճանի Սերժ Սարգսյանին. երբ 100 տոկոսով համոզված լինի, որ գործող նախագահը կորցնում է իշխանությունը: Ակնկալել, որ Աբրահամյանն ընդունակ է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակում դրական փոփոխություններ բերել, մեղմ ասած՝ միամտություն է:

Ոչ իշխանական քառյակի համագործակցությունը Սերժ Սարգսյանին զրկել էր ներքաղաքական օրակարգ ձևավորելու մենաշնորհից: Այժմ ՀՀԿ առաջնորդը փորձում է Աբրահամյանին օգտագործել ոչ իշխանական ուժերի գործողությունները տապալելու համար: Հիմնական խնդիրը բնականաբար «Բարգավաճ Հայաստանին» քառյակից տարանջատելն է:  

Այս հարցում հաջողության հասնելու դեպքում «Բարգավաճ Հայաստանին» քաղաքականապես ոչնչացնելն ու հանրային կարծիքը նրա դեմ ուղղելը կդառնա պարզապես տեխնիկայի խնդիր: Իսկ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը առնվազն այս փուլում կտապալվի:

Նոր քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ԲՀԿ-ն արդեն հասցրել է շատ լուրջ սայթաքել՝ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ: Ազատ թողնված ԲՀԿ խմբակցության մեծ մասը քվեարկեց հանրապետական Գալուստ Սահակյանի օգտին: Քաղաքական տրամաբանությունից դուրս այդ քվեարկությունը լուրջ հարված էր ԲՀԿ-ին, որովհետև դա ակնհայտ դարձրեց, որ առանց հրահանգի՝ ԲՀԿ խմբակցության հատկապես գործարար հատվածը պատրաստ է հավատարիմ լինել իշխանություններին, եթե նույնիսկ իշխանության ներկայացուցիչը Գալուստ Սահակյանն է։

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների մեծ մասի գալուստսահակյանական կողմնորոշումը ՀՀԿ-ի համար գործնական նշանակություն չուներ: Առանց նրանց էլ հանրապետականները կարող էին Գալուստ Սահակյանին կարգել նախատեսված պաշտոնում։

Իշխանությունների համար ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այս քայլը պարզապես նվեր էր՝ մամուլում և քաղաքական հարթությունում այդ կուսակցությանը հեղինակազրկելու համար: Խմբակցության մեծ մասի նման վարքագծից կուսակցության ղեկավարությունը պարտավոր է շատ լուրջ հետևություններ և կոնկրետ քայլեր անել: Եթե ԲՀԿ-ն անկեղծորեն պայքարում է երկրում փոփոխությունների համար, ապա «չկրակող» կամ կրիտիկական պահերին յուրայինների ուղղությամբ կրակող «զորքով պատրազմ»  գնալն ու հաղթանակ ակնկալելը մանկամտություն է, կամ պատերազմն է իմիտացիա:

Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատման գործընթացը կարևոր հանգրվան է ոչ իշխանական քառյակի և հատկապես ԲՀԿ-ի համար: Արմատական փոփոխությունների մասին հայտարարող ուժերը պարտավոր են ամբողջական իշխանափոխության գործընթաց սկսել: Կառավարության նոր ծրագրի հաստատումը այդպիսի գործընթաց սկսելու հարմար առիթ է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: