Սկզբից ազատ մամո՞ւլ, թե՞ ժողովրդավարություն

Մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրն էր:

Աշխարհի բնակչության մեծ մասն այսօր ապրում է այնպիսի երկրներում, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակ է կամ չկա։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2014թ. Մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ աշխարհի բնակչության 1/3-ը զբաղեցնող երկու երկրները՝ Չինաստանը և Հնդկաստանը, 180 երկրների սանդղակում զբաղեցնում են համապատասխանաբար 175-րդ և 140-րդ տեղերը։

Հանրային խնդիրները վեր հանելու և լուծման հասնելու գործում մեծ է ազատ մամուլի դերը, և դա է հիմնական պատճառը, որ շատերը պայքարում են մամուլի ազատությունն ապահովելու և ընդլայնելու համար:

Հաճախ հարց է առաջանում՝ ո՞րն է մամուլի ազատության կամ անազատության հիմնական պատճառը: Այն թերևս մեծապես պայմանավորված է տվյալ պետության կառավարման համակարգով:

Ըստ վերը նշված զեկույցի՝ առաջատար տասը տեղը զբաղեցնող երկրներն ունեն ժողովրդավարական կառավարման համակարգ: Ցուցակը գլխավորում են Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Նորվեգիան: Միայն ժողովրդավարական կառավարման համակարգն է թույլ տալիս, որ չորրորդ իշխանությունը կարողանա ինքնուրույն ձևավորվել և լինել ազատ:

Ժողովրդավարական կառավարման համակարգը ոչ միայն մամուլի ազատության համար պայմաններ է ապահովում, այլ նաև խթանում է մամուլի ինստիտուտների միջև մրցակցությունը: Հենց մրցակցությունն է պայմաններ ստեղծում մատուցվող ծառայությունների բարելավման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս առավելագույնս պահել լրագրողական էթիկայի նորմերը: ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, օրինակ, լրատվամիջոցների միջև խիստ մրցակցության արդյունքում է, որ կա լրատվական որակյալ արտադրանք, որն ազդեցություն ունի:

Ժողովրդավարական կառավարման համակարգում մամուլի դերակատարությունն առավել արդյունավետ է, քանի որ ընդդիմադիր ուժերը մամուլի հրապարակումները օգտագործում են սեփական շահն առաջ տանելու համար: Դա մամուլին հնարավորություն է տալիս առավել կարևոր դեր խաղալ և վերահսկիչ գործառույթ կատարել հանրությունում:

Երբ Հայաստանում մամուլի հրապարակումներ եղան արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային գործունեության մասին, դրանք գրեթե զրո ազդեցություն ունեցան նրա պաշտոնավարման գործընթացի վրա: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում մամուլը կարող է խնդիրներ բարձրացնել, բայց ազդեցություն չունենալ: Ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավոր կդարձնի մամուլի ազդեցությունը իշխանության տարբեր ինստիտուտների վրա: Կառավարման նման համակարգի բացակայության պատճառով էլ Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը ոչ այնքան լավ 78-րդ տեղում է:

Ազդեցիկ մամուլ ունենալու հիմնական նախապայմանը ժողովրդավարական կառավարման համակարգն է: Կարծիքը, թե մամուլն է նպաստում ժողովրդավարական կառավարման համակարգի ձևավորմանը, հիմնավոր չէ: Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործընթացը դրա ապացույցն է: Մամուլի ազատության առաջին նախապայմանը ժողովրդավարությունն է, և ազատ մամուլ ստեղծելու համար առաջնահերթ է ստեղծել կառավարման ժողովրդավարական համակարգ:

Մեկնաբանել