«Զերկալո»-ն զրկվեց պետական ֆինանսավորումից

Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը դադարեցրել է ադրբեջանական ընդդիմադիր «Զերկալո» թերթի ֆինանսավորումը: Այս մասին տեղեկացրել է թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլին, հաղորդում է contact.az-ը:

Նրա խոսքով՝ անցած շաբաթ թերթը դիմել է հիմնադրամին՝ տեղեկացնելով, որ անցնում է շաբաթական թողարկման, որի արդյունքում չի կարող կատարել ստորագրված պայմանագրի պայմանները:

Ընդդիմադիր թերթում ավելի վաղ իրականացվել է նաև խուզարկություն, դատախազության աշխատակիցները վերցրել են իր համակարգիչը, ինչպես նաև խմբագրության փաստաթղթերի մի մասը և չեն վերադարձնում:

Թերթի նկատմամբ հետապնդումները սկսվել են Անկարայի իր թղթակից Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին: Խմբագրի խոսքով՝ դատախազության ներկայացուցիչները երկարատև հարցաքննության են ենթարկել բոլոր աշխատակիցներին Միրկադիրովի գործով՝ իրենց հետ տանելով նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը:
Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայից Բաքու արտաքսվելուց անմիջապես հետո և մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ:

Միրկադիրովի գործի հետ կապված ապրիլի 29-ին ձերբակալվել և հարցաքննության էր տարվել Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Լեյլա Յունուսը: