Մայիսի 9-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի է ունենալու զինվորական շքերթ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ: Մասնակցելու են Գյումրիում տեղակայաված ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՀՀ պաշտպանության նախարարության զորամիավորումները:
Հստակ չի նշվում, թե ում է պատկանում ռազմական շքերթ անցկացնելու նախաձեռնությունը՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմին: Ավելի շուտ կարելի է ասել, որ շքերթի անցկացման նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին: Տեղական լրատվամիջոցներում նշվում է, որ շքերթի կազմակերպման և անցկացման հսկողությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ամենևին էլ Հաղթանակի օրվա ռազմական շքերթի կազմակերպիչը չէ, այլ հսկողը կամ ավելի ճիշտ՝ դիտորդ:
Հայկական զորամիավորումները պարզապես հրավիրյալ են 102-րդ ռազմաբազայի կողմից կազմակերպվող միջոցառմանը։
Խնդիրը ռազմական շքերթի անցկացման ձևաչափն է, ոչ թե նպատակը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի կերտման գործում հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել. այդ հաղթանակը մեզանից օտարելը բնականաբար սխալ է։ Սակայն երբ ռուսական զորքը ռազմական շքերթ է կազմակերպում հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ հայկական կողմը փաստացի հյուրի կարգավիճակում է, առնվազն տարօրինակ է:
Անհարմար վիճակ է ստեղծվում ինքնիշխան պետության և պատերազմում հաղթանակած բանակի համար: Մայիսի 9-ը Հայաստանում նշվում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, այլ նաև Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:
Դժվար է ասել, թե ռուս-հայական ռազմական շքերթի ժամանակ որքան տեղ կհատկացվի նշված երկու տոնակատարություններին: Սակայն շքերթի ռուսականացվածության մակարդակից դատելով՝ կարելի է ասել, որ Շուշիի ազատագրման տոնը շրջանցվելու է Գյումրիում կամ դրան դրվագային դեր է հատկացվելու:
Եթե համատեղ շքերթ էր և հայկական կողմի նախաձեռնությամբ, ապա կարելի էր կազմակերպել մայրաքաղաքում ու հրավիրել նաև 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին: Սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ ռուսական կողմը նախընտրել է ռազմական շքերթ անցկացնել Գյումրիում: Աշախարհագրական տեսակետից Գյումրիի ռուսական ռազմաբազան տարածշրջանային նշանակություն ունի: Այն թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ է, իսկ Վրաստանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու: Ուկրաինայի դեպքերի հետ կապված միջազգային իրողությունները հաշվի առնելով՝ Գյումրիում տիրոջ իրավունքով Ռուսաստանը մկաններ է ցույց տալիս։ Ռուսական զորքերի անմիջական հարևանությունը նյարդայնացնում է Վրաստանին, որը պաթոլոգիկ վախ ունի ռուսական ռազմական ինտերվենցիայից:
Երկրի ինքնիշխանության մնացորդների ցուցադրական հանձնումը Ռուասատանին օրինչափ է: Երբ Հայաստանի գործող ապաշնորհ իշխանությունները ոչնչացնում են երկրի տնտեսությունը, երբ տնտեսության կայունության հիմնական չափորոշիչ դիտարկվում է Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների ուղարկած տրանսֆերտները, երբ ռազմավարական գրեթե բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները հանձնվում են մեկ երկրի, երբ մեծ հաշվով երկրի զարգացումն ու գոյատևումը ավելի է կախվում Ռուսաստանից,- այդ դեպքում Հայաստանի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական շքերթի կազմակերպումը օրինաչափ է:
Որպես կանոն այլ պետության տարածքում մեկ այլ պետություն ռազմական շքերթ անցկացվում է գաղութացումցի կամ օկուպացիայից հետո:
Պետական ինքնիշխանությունը հիմնված է երկու սյան վրա՝ տնտեսական հզորություն և անվտանգության ապահովման կարողություն՝ բանակ: Առաջին հենասյունը պայմանավորում է երկրորդի արդյունավետությունն ու մարտունակությունը:
Ոչնչացնելով տնտեսությունը և տնտեսական հարթությունում ինքնակապիտուլացվելով՝ Սերժ Սարգսյանը վաղուց հանձնել է երկրի ինքնիշխանությունը: Ռուսների դեմ ազգային ազատագրական պայքարի կոչեր հնչեցնելու փոխարեն՝ պետք է ձերբազատվել երկրի տնտեսական և ռազմական կոպիտուլյացիայի համար գերնպաստավոր պայմաններ ստեղծած իշխանություններից: