ՀԿ-ները պահանջում են կարգի հրավիրել Ռուսաստանի դեսպանին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ ու անհատներ, արձագանքելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե Հայաստանում «ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում», հաղորդագրություն են տարածել` պահանջելով կարգի հրավիրել դեսպանին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի:

ՀԿ-ների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ և վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերևս հարկ է օգտագործելով նաև այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»:

Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երևանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։

Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:

Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:

Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել, հասկանալ և հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:

Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»:

Իվան Վոլինկինը «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանին հարկ է ավելի գործուն հայտարարել Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։

«Ես վստահ եմ, որ Ռուսաստանին հարկ է ավելի գործուն հայտարարել Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Սրանում ոչ մի կասկած չկա։ Սակայն զբաղվել Հայաստանի տարածքում գործող այն ոչ կառավարական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, ըստ ամենայնի՝ հարկ է՝ օգտագործելով նաև այլ մեթոդներ։ Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»,- ասել էր դեսպանը: