Կառավարությունը գերատեսչություններին հանձնարարել է պատրաստել Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) հակաճգնաժամային հիմնադրամից 145 մլն դոլարի վարկային միջոցներ ներգրավելու հայտ։ Միջոցներն ուղղվելու են Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային մայրուղու՝ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության ֆինանսավորմանը։
Որ հայկական կողմը նախատեսում է «Հյուսիս-հարավ» ծրագրի համար միջոցներ ներգրավել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից, հայտնի էր դեռ 2013թ. հունիսին, երբ հիմնադրամի խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի նախնական հայտին։ Ճանապարհատվածի շինարարության նախագիծը գնահատվել էր 100 մլն դոլար։
Այս տարվա ապրիլին Հայաստանում էին հիմնադրամի փորձագետները, որոնք զննել են ծրագրի իրականացման նախատեսվող հատվածները և գնահատել ճանապարհային միջանցքի առանձին հատվածների ներկա վիճակը։ Նախատեսված էր, որ եթե Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի կողմից ծրագրի վերջնական հաստատումը լինի նախանշված ժամկետում՝ հունիսին, ապա ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները կարող են հատկացվել արդեն 2014թ.:
Փաստացի ստացվում է, որ եթե Հակաճգնաժամային հիմնադրամի հետ ձեռք էր բերվել 100 մլն դոլարի վարկ ստանալու համաձայնություն, այս մեկ տարվա ընթացքում ծրագիրը թանկացել է 45%-ով։ Դա կարող է ունենալ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Ծրագիրը կարող է թանկացած լինել՝ հաշվի առնելով վերջնական ուսումնասիրությունները, ճանապարհահատվածի բարդ տեղանքը, թունելի կառուցման անհրաժեշտությունը։ Չի բացառվում նաև, որ թանկացումը կոռուպցիոն ռիսկերի հետևանք է։
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետը 2009-ից մինչև 2017-ն է: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով ծրագիրը գնահատվել էր 962 մլն դոլար, որից ԱԶԲ-ի մասը կազմում է 500 մլն դոլար: ԱԶԲ-ի երկու տրանշերով արդեն 2010թ. հատկացվել են 230 մլն դոլար վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ով 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցմանը։
Այս տարի Երևանում ստորագրվել է «Տրանշ 3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։ Միջոցներն ուղղվելու են Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի մոտ 18,7 կմ երկարությամբ երկուղի հատվածի վերակառուցմանը։ Հայաստանը Գյումրի-Լանջիկ (27 կմ) ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու է Եվրոպական ներդրումային բանկից ներգրաված 60 մլն եվրո վարկային միջոցներով։
Պարբերաբար նոր վարկային միջոցներ ներգրավելու Հայաստանի գործելաոճն այնքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ «Տրանշ 1»-ով և «Տրանշ 2»-ով նախատեսված աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, տեղի է ունեցել աշխատանքների ավարտի վերջնաժամկետի շեղում՝ մոտ մեկ տարով։ Բացի այդ, հայկական կողմը չի շտապում հայտարարել «Տրանշ 3»-ով նախատեսված աշխատանքների կապալառուի մրցույթ։
ԱԶԲ-ն Հայաստանին մինչև 2017թ. ըստ ծրագրվածի ևս երկու տրանշ է հատկացնելու։ «Տրանշ 4-ով» հատկացվելիք 100 մլն-ը նախատեսված է ուղղել Արարատ-Եղեգնաձոր ճանապարհահատվածի վերակառուցմանը, իսկ «Տրանշ 5-ով» հատկացվելիք 105 մլն-ը՝ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի վերակառուցմանը։ Ասիական բանկի կայքում վերջին երկու տրանշերով հատկացվելիք վարկային միջոցների ժամկետը չի նշվում։
Տեղեկանք
ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալը 8.5 մլրդ դոլար է, որից 7.5 մլրդ-ը Ռուսաստանի, 1 մլրդ-ը Ղազախստանի ներդրումն է: Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներդրումը 1-ական միլիոն դոլար է, Բելառուսինը՝ 10 մլն դոլար:
Արմենակ Չատինյան