10 մայիս, 2014 18:07

Վաշինգտոնյան սկզբունքներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր երկրի քաղաքական դիրքորոշումը։

Հակամարտության լուծման ԱՄՆ-ի առաջարկած բանալիները բովանդակային առումով նորություն չեն պարունակում։ Հակամարտության կարգավորմանը միտված առաջարկների այս փաթեթը գրեթե կրկնում է 2007թ․ «Մադրիդյան սկզբունքները»՝ չնչին բացառություններով։ Ուորլիքի առաջարկած 6 կետերը, ըստ էության, Ադրբեջանի ամբիցիաների և շահերի բավարարման առաջարկ է: Պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն բավական դրական է արտահայտվել այդ առաջարկություններին։

Հայաստանի պետական շահերի տեսանկյունից ԱՄՆ-ի առաջարկները սկզբունքորեն մերժելի են: Ուորլիքի ներկայացրած փաստաթղթում առարկայական որևէ առաջարկ չի արվում հայկական կողմին, օրինակ, թե ինչ է Հայաստանը ստանալու տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում։ Այդպիսի բովանդակությամբ առաջարկությունների ի հայտ գալը ցույց է տալիս, որ հայկական կողմը խաղաղ պայմաններում ամբողջությամբ մսխել է Ադրբեջանի նկատմամբ ռազմաճակատում տարած փայլուն հաղթանակը: Այդ պատճառով է, որ այժմ ԱՄՆ-ը Ադրբեջանի պահանջները բավարարելուն միտված մի շարք առաջարկություններ է անում, իսկ Հայաստանը սպասարկողի ու հանձնողի դերում է ներկայացված:

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ի համար կարևոր է ոչ այնքան փաստաթղթի բովանդակությունը, որքան դրա հրապարակման փաստը։ Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղու մեջ է։ Նախագահների մակարդակով երկկողմ հանդիպումներ տեղի չեն ունենում, բանակցային գործընթացը նույնիսկ ֆորմալ առումով գրեթե դադարեցված է։ Ինչքան թուլանում է բանակցային գործընթացը, այնքան մեծանում է պատերազմի վերսկսման հավանականությունը։ «Մադրիդյան սկզբունքները» բանակցային սեղանի վրա սպառվել էին, անհրաժեշտ էր նոր փաստաթուղթ, որն արհեստական շնչառություն կհաղորդեր բանակցային գործընթացին։ Եվ այդ նպատակին ծառայող փաստաթուղթ է հավակնում դառնալ Ուորլիքի «Վաշինգտոնյան սկզբունքները»:

ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում նոր առաջարկների ներկայացմանը զուգահեռ Երևանում հակամարտության վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպանը մի հարցազրույցում Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռների վերաբերյալ հարցին պատասխանել էր, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը կախված է պատմական կոնկրետ իրավիճակից: «Ամեն դեպքում նախադեպ կա»,- ասել էր նա:

Ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Իսկ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը Ղրիմի օրինակով հանդես է գալիս ազգերի ինքնորոշման օգտին և Ղրիմը Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ է դիտարկում:

Փաստացի համաշխարհային թատերաբեմում հակամարտող ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում կտրուկ սկսել են տարբերվել: Ուկրաինայում ֆիասկո ապրելուց հետո ԱՄՆ-ի համար խիստ կարևոր է Հարավային Կովկասում ամրապնդել իր դիրքերը՝ հատկապես էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Ուկրաինական ճգնաժամի ընթացքում հստակ երևաց, որ Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ռազմավարական նշանակություն ունի: Եվ հենց այդ պատճառով Եվրոպան չկարողացավ արդյունավետ դիմագրավել Ռուսաստանին Ուկրաինայի հարցում: Այժմ ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիր է Եվրոպայում իր հիմնական դաշնակիցների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելը:

Ռուսական էներգակիրներին որպես այլընտրանք դիտարկվում է ադրբեջանական գազը և նավթը: Ուստի Ադրբեջանի էներգակիրները Եվրոպա հասցնելու համար նախ անհրաժեշտ է կանխատեսելիություն տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի ամբիցիաների բավարարում Արցախի հարցում: Ջեյմս Ուորլիքն իր հայտարարությունով այդ երկու խնդիրն էլ փորձում է լուծել: Վերականգնել բանակցային գործընթացը, որի դեպքում պատերազմի տաքացման հավանականությունը ինչ-որ չափով նվազում է, հակամարտությունը կանխատեսելի է դառնում, զուգահեռաբար ապահովագրվում է դեպի Եվրոպա գազ ու նավթ արտահանող խողովակաշարերի անվտանգությունը:

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման դեպքում առաջին հարվածը հասցվելու է հենց այդ խողովակներին, ինչը մղձավանջ է Եվրոպային ադրբեջանական գազով ապահովելու ամերիկյան նախագծի համար: Իսկ որպեսզի Ադրբեջանը համաձայնի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու գնով էներգառեսուրսներ մատակարարել Եվրոպային, ԱՄՆ-ը որպես փոխհատուցում խոստանում է ազատագրված տարածքներն ու Ղարաբաղի անորոշ ճակատագիրը:

Դատելով Իվան Վոլինկինի՝ տրամագծորեն հակադրվող հայտարարությունից՝ Ռուսաստանը ներկայում շահագրգռված է Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի պահպանմամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս ուղղակիորեն նշանակետի տակ պահել Ռուսաստանը շրջանցող և ԱՄՆ-ի համար այդքան կարևոր խողովակաշարերը: Բնականաբար Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը պայմանավորված չէ հայերի «գեղեցիկ աչքերով», կամ ԱՄՆ-ից շատ Հայաստանի շահերի մասին մտածելով։ Այդ հայտարարությունը Ռուսաստանի շահերից բխող պրագմատիկ հաշվարկ է։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: