Հասմիկ Պողոսյանին «կայսրության հերոս է պետք»

Երևանի քաղաքապետարանն անդրդվելի է՝ Միկոյան Անաստասի արձանը պետք է տեղադրվի Երևանի կենտրոնում: Մշակույթի նախարարը թեման շարունակում է այսպես՝ լավ գործերը մնում են, վատերը՝ մոռացվում: Նկատի ունի, որ մենք պետք է մոռանանք ընկեր Միկոյանի՝ մարդկանց գնդակահարելու պլանը իրագործելու ջանքերը: Նկատի ունի, որ մենք պետք է գնահատենք ամբողջ Հայաստանը կամ ԽՍՀՄ-ը սրի չքաշելու նրա պասիվությունը: Ըստ իս, լավ չէ, որ խորհրդային գործիչն այսօր չի կարող պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին: Սակայն դա մեզ չի ազատում հաջորդ սերունդ լինելուց: Դա մեզ, առավելևս, չի ազատում իմաստավորելու նրա ժամանակաշրջանը, իմաստն ի սկզբանե է, իմաստավորումն է գալիս հետո: Մյուս կողմից, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջ ու առողջ է և նրան հակադարձելը հեշտ է:

Միկոյանը խորհրդային գործիչ էր, նա ներկայացուցիչն էր խորհրդային ամեն ինչի: Նա մարդ լինելու իրավունք չուներ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի և Ներքին գործերի ժողկոմներ Յագոդայի, Եժովի ու Լավրենտի Բերիայի կողքին: Միկոյանը նրանցից չէր, ովքեր անձամբ էին ընտրում ԳՈՒԼագի ու Քաղբյուրոյի միջև, Ստալինի կողքին ոչ ոք այդպիսի ընտրություն չուներ: Այդպիսի ընտրություն ունեին Մանդելշտամը, Չարենցը, Բուլգակովը, Պաստեռնակը, Շոստակովիչը: Նշանակում է, Միկոյանն ամեն ինչ արել է Ժողովուրդների հորը չզայրացնելու համար: Նա ճանաչել է միայն Իոսիֆ Ստալինին, ուրիշ ոչ մեկին, որովհետև կյանքը ընտրություն էր Ստալինի և գերեզմանափոսի միջև:

Ուրիշ ոչ մեկը, ուրիշ ոչինչ չի եղել նրանց արանքում: Ստալինի մահից հետո նա աշխուժացավ, հայկական դասագրքեր վերադարձրեց Չարենցին: Սա հենց այն է, ինչը կոչ է անում հիշել Հասմիկ Պողոսյանը: Բայց նա մի կին է, որը տեղյակ է, ոչ թե մարդ, որն իմաստավորում է: Այդ կինը կյանքի մի «թոթոլ» ժամանակահատված ապրել է Խորհրդային Հայաստանում, նրա հայրը խորհրդային ֆունկցիոներ էր, 18 տարի ղեկավարել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմը: Անցել է գրեթե նույն ճանապարհը, ինչ ընկեր Միկոյանը, անկասկած ոչ մեկին չի ուղարկել կանգնելու գնդակահարության պատի տակ: Մնացած առումներով, մարդ էր իր թերություններով ու առաքինություններով: Խորհրդային Հայաստանը, որպես իր կյանքի էջ Ստեփան Պողոսյանը փակեց որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար: Ինչպես Հրանուշ Հակոբյանը, ժամանակին ղեկավարել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության երիտասարդական միությունը:

Հասմիկ Պողոսյանը հոր՝ Ստեփան Կարպիչի, հուշարձանի ճանապարհն է հարթում: Կարպիչը, համենայնդեպս, կյանքի վերջին տարիները նվիրեց Ցեղասպանության ուսումնասիրությանը: Այսինքն, կյանքի մի դրվագ կա, հանուն որի մարդու համար հուշարձան կանգնեցնելու որոշում են կայացնում: Այսպիսով, տիկին Պողոսյանը գիտի այդպիսի դրվագ, որը Միկոյանի համար հուշարձան է արժեցել պետական մակարդակով:

Ես դեմ չեմ մոռանալ Միկոյանի արածներն ու չարածները, բայց դա մոռանալու պատրաստակամությունն է մեկի, որին բարոյական վստահագիր տրված չէ մի կողմ դնելու ցավը նրանց, ովքեր այլևս Միկոյանին ներելու հնարավորություն չունեն: Հենց այդ պատճառով էլ նրանք ժամանակակից են, իսկ ես նույնիսկ վկայագիր չեմ: Անաստաս Միկոյանը մեծ հայորդի չի եղել, սպանության լիազորություն ունեցողները որդի կամ հայր չեն, ժամանակակից կամ անժամանակ չեն, հայրենասեր կամ անհայրենիք չեն, սուրբ կամ սատանա չեն: Անաստաս Միկոյանը եղել է կեղծ երկրի ներկայացուցիչ: Այդ երկիրն այսօր չկա, որովհետև հիմքից չի ունեցել կենսունակության որևէ դրվագ: Կանգնեցնել Միկոյանի արձանը, նշանակում է կանգնեցնել Ստեփան Պողոսյանի արձանը: Միկոյանը համակարգի ներկայացուցիչ էր, ինչպիսին Հասմիկ Պողոսյանն է, նրա հայրը, Տարոն Մարգարյանը, բայց երևի ոչ նրա հայրը (դեռ չի իմաստավորվել, չնայած Կոմիտասի անվան պանթեոնում մյուսների վրա իշխող նրա գերեզմանոցին): Ամբողջ ՀՀԿ-ն այդ խորհրդային համակարգի հիմքից մեռած ձվաբջիջն է, որի կենսունակությունն ապահովում են մանկուրտները՝ «լավ գործերը մնում են, վատերը՝ մոռացվում» բանաձևումով: Միկոյանի արձանը Հասմիկ Պողոսյանի հարգանքի տուրքն է այն կայսրությանը, որում ԽՍՀՄ-ի ձևավորումից ու 1937-ից անտեղյակ «բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ» անկախ Հայաստանի մշակույթի նախարարը: Նշանակում է, նա ուզում է հենց այդպիսի Հայաստան, որին կայսրության հերոս է պետք: Նա ուզում է մի Հայաստան, որտեղ երեքը մեկի մեջ են Միկոյանի արձանը, Ստեփան Կարպիչը և անանց արժեք Հասմիկ Պողոսյանը:

Մեկնաբանել