11 մայիս, 2014 13:05

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Լիտվայում մայիսի 11-ին նախագահական ընտրություններ են անցկացվում, հաղորդում է BBC-ն:

Ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 08:00-ին): Նշվում է, որ երկրում բացվել է 2004 տեղամաս 60 ընտրատարածքներում:

Քվեարկությունը կտևի մինչև 20:00-ն (Երևանի ժամանակով 21:00-ն): Քաղաքացիներն ընտրում են նախագահի յոթ թեկնածուներից:

Նախագահական պաշտոնի թեկնածուներից մեկը գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն է, որի վարկանիշը, ըստ հասարակական կարծիքի հարցումների, բավականին բարձր է:

Ինչպես հաղորդում է Deutsche welle-ը, 58-ամյա Գրիբաուսկայտեի վարկանիշը զգալի բարձրացել է Ռուսաստանի կողմից րիմի բռնակցման վերաբերյալ արտահայտած կոշտ դիրքորոշման շնորհիվ: Սակայն, ըստ վերլուծաբանների՝ ընտրողների ցածր մասնակցության հետևանքով երկրորդ փուլի կարիք կլինի:

Բացի Գրիբաուսկայտեի՝ նախագահի պաշտոնի համար պայքարում են ևս վեց թեկնածուներ՝ սոցիալ-դեմոկրատ Զիգմանտաս Բալչիտիսը, Աշխատանքի կուսակցությունից թեկնածու Արտուրաս Պաուլաուսկասը, «Լիտվայի լեհերի ընտրական ակցիայի» առաջնորդ Վալդեմար Տոմաշևսկին, Վիլնյուսի քաղաքապետ Արթուր Զուոկասը, Ինգալինայի քաղաքապետ, Գյուղացիների և կանաչների լիտվական միության ներկայացուցիչ Բրոնիս Ռոպեն և խորհրդարանի պատգամավոր Նագլիս Պուտեյկիսը: