Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ինքնորոշման հանրաքվե է սկսվել

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մեկնարկել են հանրաքվեներ, որոնք կազմակերպվել են ռուսամետ ակտիվիստների կողմից: Կիևը չի ճանաչում այս քվեարկությունը:

Յուրաքանչյուր հանրաքվեում դրվել է հետևյալ հարցը՝ «Աջակցու՞մ եք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության) ինքնորոշման մասին ակտը»:

Ինչպես հաղորդում է BBC-ն, քվեարկությունն անցնելու է առանց օտարերկրյա դիտորդների, սակայն խոստացվել է լրագրողներից չթաքցնել քվեարկության ընթացքն ու քվեաթերթիկների հաշվարկը:

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է 1527 տեղամաս:

Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության կենտրանական ընտրական հանձնաժողովում «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ մայիսի 11-ին կաշխատի 1471 ընտրատեղամաս, տպվել է 1,8 մլն քվեաթերթիկ:

BBC-ի փոխանցմամբ՝ այս թվերը անկախ աղբյուրների միջոցով ճշտելու հնարավորություն չկա: Հայտնի չէ նաև, թե հանրաքվեի կազմակերպիչները վերահսկում են արդյոք այսքան մասնակիցների քանակը:

Մասնակցության ստորին շեմ չի սահմանվել. Հանրաքվեները նախաձեռնած ռուսամետ խմբերի ղեկավարները հայտարարել են, որ ճանաչում են դրանք՝ անկախ այն բանից, թե որքան մարդ կքվեարկի:

Մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ հանդիպումից հետո կոչ էր արել հետաձգել Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին կայանալիք՝ շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն:

Պուտինը նաև Ուկրաինայում նախագահական ընտրությունները որակել էր որպես ճիշտ ուղի:

Դրանից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ընտրությունների մասին որոշումը «ոչ սովորական» է: Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայում ընտրությունները ներկայում «անհեթեթություն» է:

Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ ուժերը հայտարարել էին, որ, չնայած Պուտինի խնդրանքին, կանցկացնեն հանրաքվեները:

Մեկնաբանել