13 մայիս, 2014 18:54

Ռուսաստանը հնարավոր է՝ դադարեցնի GPS կայանների աշխատանքը

Ռուսաստանը հունիսի 1-ից կկասեցնի GPS 11 ցամաքային կայանների աշխատանքը իր տարածքում, մայիսի 13-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռոգոզինի խոսքով՝ ԱՄՆ-ը ավելի վաղ հրաժարվել է ԳԼՈՆԱՍՍ-ի ազդանշանի շտկման կայան տեղակայել իր տարածքում։

Ռուսաստանի փոխվարչապետը պարզաբանել է, որ կայանների աշխատանքը վերջնականապես կդադարեցվի սեպտեմբերի 1-ից, եթե չհաջողվի համաձայնության գալ ԱՄՆ-ում ԳԼՈՆԱՍՍ-ի տեղակայման շուրջ։ Ընդ որում՝ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ GPS կայանների գործողության կասեցումը չի ազդի ռուսաստանցիների կողմից ստացվող ազդանշանի որակի վրա։

Ամերիկյան GPS-ը նավիգացիայի արբանյակային համակարգ է, որն ապահովում է տարածության, ժամանակի չափում և որոշում է գտնվելու վայրը WGS 84 կորդինատների համաշխարհային համակարգում։

Ապրիլի վերջին Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ ստեղծելով ԳԼՈՆԱՍՍ-ը՝ ամերիկյան համակարգի սեփական համանման տարբերակը։

Ռուսաստանը ԳԼՈՆԱՍՍ կայանների կառուցման հարցում էր ուղարկել ԱՄՆ-ին 2012թ․ մայիսին։ 2013թ․ հոկտեմբերին «Ռոսկոսմոսում» հայտարարել էին, որ գերատեսչությունը ծրագրում է ԱՄՆ-ում տեղակայել ութ կայան։