14 մայիս, 2014 09:51

Հրեշ(տակ) եք դուք

Անցյալ տարվա հուլիսի 25-ին Հայաստանի ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պահանջել էր անհանդուրժող լինել ոստիկանի և համակարգի պատիվն արատավորող ցանկացած դրսևորման հանդեպ:

Նա անդարդարձել էր նոր ոստիկանության ձևավորման գործընթացին և առանցքային համարել ոստիկանի մարդկային, մասնագիտական, բարոյական որակները: Ոստիկանության նոր իմիջի ձևավորման համար ոստիկանապետը ջանք, եռանդ ու գումարներ չի խնայում:

Նոր հանդերձանք, «աղավնիներ», ոստիկանության հրեշտակային կերպարի մասին սոցիալական տեսահոլովակներ ու երգեր: Այս ամենն ամբողջանում է Վլադիմիր Գասպարյանի աստվածաշնչյան մեջբերումներով ու քրիստոնեական բարոյական կանոններով առաջնորդվելու խոստումներով: Պետք է ազնվորեն նշել, որ Վլադիմիր Գասպարյանին հաջողվել է ձևով ժողովրդավարական ոստիկանական համակարգ ստեղծել: Բայց միայն  ձևով:

iLur.am կայքի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը բռնություն է կիրառել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Ինչպես նշում է կայքը, Նադարյանը եղել է անսթափ վիճակում, ատրճանակի կոթով հարվածել է Արթուր Ալեքսանյանի եղբորը: Բարձրաստիճան ոստիկանի «տղայական» պոռթկումը անկում է ապրել այն ժամանակ, երբ իմացել է, որ սեփական բարդույթների բավարարման և պաշտոնական դիրքի չարաշահման հերթական օբյեկտը Եվրոպայի եռակի չեմպիոնն է:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունն ու հենց ինքը՝ Վարդան Նադարյանը, հերքում են, որ նման միջադեպ է գրանցվել: Սակայն հերքման տեքստերն ու հարցազրույցները հակասական ու կցկտուր են: Վերջիններս ընդհանրապես հերքում են, որ որևէ միջադեպ է տեղի ունեցել Նադարյանի և Ալեքսանյանի միջև: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը Վլադիմիր Գասպարյանի քարոզչությամբ զբաղվող կայքերից մեկին իբր ասել է, թե «Նման բան չկա: Ես անձամբ նրան չեմ ճանաչում, քանի որ իրար հետ որևէ առնչություն չենք ունեցել»: Սակայն մեկնաբանության իսկությունը հաստատող տեսա/ձայնագրություն չկա:

Բացի այդ, այլ լրատվամիջոցների համար Եվրոպայի չեմպիոնը անհասանելի է և չի խոսում: Տրամաբանությունը հուշում է, որ եթե իրականում դեպքը տեղի չի ունեցել, ապա նա պետք է, որ շահագրգռված լիներ վերջ դնելու Նադարյանի ասած բամբասանքներին: Սակայն դեպքից անցել է շուրջ մեկ շաբաթ և Արթուր Ալեքսանյանի անունից և ոչ մի հավաստի հերքող մեկնաբանություն չկա: Ավելին ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը yerkir.am-ի հետ զրույցում, հղում անելով Արթուր Ալեքսանյանի պատմածին, հաստատել է, որ միջադեպ տեղի է ունեցել Վարդան Նադարյանի և մարզիկի միջև, սակայն մամուլում խեղաթյուրել են: Իրականում, ըստ Ջուլֆալակյանի, Նադարյանը պարզապես կանգնեցրել է ավտոմեքենան և պահանջել փաստաթղթերը: Ամեն ինչ կարգին է եղել, և ասել են` բարի ճանապարհ։

Հետաքրքիր է, թե այդ երբվանի՞ց է ոստիկանության վարչության պետը պետավտոտեսուչի գործառույթներ իրականացնում:

Իրար հակասող մեկնաբանությունների այս կծիկը ուղղակիորեն հաստատում է ilur.am-ի հրապարակման հավաստիությունը: Հատկանշական է, որ ՀՀ ոստիկանությունը զրպարտանքի համար դատի չի տվել  ilur.am կայքին: Չէ՞ որ այդ հրապարակմամբ հարված է հասցվում ոստիկանության ամբողջ համակարգի բարի համբավին ու հեղինակությանը:

Փաստացի, Վլադիմիր Գասպարյանի աստվածաշնչյան ու պոետիկ քարոզներին նրա մոտ ընկեր Վարդան Նադարյանը հաղորդակից չի եղել կամ լսել ու սխալ է հասկացել: Ուստի հանրապետության երկրորդ քաղաքում ոստիկանին ոչ հարիր ու հանցագործ վարք է դրսևորում՝ հողին հավասարեցնելով Գասպարյանի կառուցած ոստիկանության հրեշտակային ֆասադը:

Միայն մամուլի համապատասխան հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր ծառայողական քննություն սկսել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը այն ընդուներ որպես հանցագործության մասին հաղորդում և սկսեր նյութեր պատրաստել:

Եթե Նադարյանի դիմացինը չլիներ Եվրոպայի եռակի չեմպիոն և ճանաչված անձնավորություն, կարելի է ենթադրել, թե ինչ ֆիզիկական, բարոյական ու ֆինանսական կտտանքների էր ենթարկվելու «հրեշտակային» ոստիկանության ներկայացուցիչների կողմից: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: