Կարևորը՝ թղթով մաքուր լինի

«Թղթերով ամեն ինչ կարգին է», սակայն թղթերից դուրս բոլորովին այլ իրականություն է։ Գործող իշխանությունների ջանքերով երկրում ստեղծվել է երկու իրականություն՝ դե յուրե՝ թղթերի ու դե ֆակտո:

Մայիսի 14-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այս փոփոխությամբ ՀՀ կառավարությունն այն համապատասխանեցնում է ՀՀ Սահմանադրությանը, քանզի Սահմանադրական դատարանն ապրիլին անվավեր էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար)։ Միաժամանակ` դատարանը հակասահմանադրական էր ճանաչել առանց սեփականատիրոջ համաձայնության նրա սեփականությունը տնօրինելու սկզբունքի կիրառումը օրենքում:

Այժմ օրենքում կատարված փոփոխությունը դե յուրե համապատասխանում է ՀՀ Սահմանադրության նորմերին, աշխատողները այլևս կարող են ինքնակամ հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգին մաս կազմելուց՝ այդ մասին համապատասխան դիմումը բավարար է: Իսկ գործատուներն էլ ազատվում են կուտակային վճարումների չկատարելու դեպքում տույժ-տուգանքներից:

Կուտակային կեսնաթոշակային համակարգի ներդրման շուրջ հանրության և իշխանությունների միջև առկա վեճը լուծվելու է հենց այդ տրամաբանության շրջանակներում: Արդեն իսկ մամուլում լուրեր են շրջանառվում, որ օրենքով ոչ պարտադիր դարձած կուտակային վճարումները պետական ապարատի և բյուջետային ֆինանսավորում ստացող հիմնարկների համար լինելու է դե ֆակտո պարտադիր: Աշխատանքից ազատվելու կամ այլ պատժամիջոցների կիրառման սպառնալիքների գործադրմամբ բյուջետային ֆինանսավորմամբ աշխատողները «կամավոր պարտադիր» սկզբունքով ամեն դեպքում կատարելու են կուտակային վճարումները: Իսկ մասնավոր ձեռնարկություններին այդ վճարումները կատարել պարտադրելու են, օրինակ, հարկային հնարավոր հարձակումների վախի ներքո։

Մասնավոր ձեռնարկատերերին, կուտակային վճարումներ չկատարելու դեպքում, կարող է սպառնալ հարկային տեռորի ենթարկվելու վտանգը: Նման գործելաոճով իշխանությունը ունակ է կուտակային վճարումներ պարտադրել աշխատաշուկայի առնվազն 80 տոկոսին։

Ստացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը «թղթով» համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն, ըստ էության, ու գործնականում մնում է հակասահմանադրական:

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության խաղի կանոներով, կարևորը թղթերով մաքուր լինելն է, ապահովել սահմանադրական կարգի պատրանք, իսկ թղթերից դուրս քողազերծվում է կառավարման հակասահմանադրական բնույթը։

2013թ. մարտին հայտնի «ինքնասուլիսի» ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում գործարարներ չկան: Նա շեշտել էր, որ համենայնդեպս նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Սերժ Սարգսյանի տրամաբանությանը հետևելու դեպքում, օրինակ, նույն Սամվել Ալեքսանյանը ոչ թե խոշոր գործարար է, այլ պատգամավորի աշխատավարձով գոյատևող համեստ օրենսդիր:

Իրականության նման աղճատման ու երկատման կնքահայրը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Վերջինիս հաջողվել է կառուցել կվազիդեմոկրատական գրեթե կատարելության հասնող համակարգ։ Դեմոկրատական ինստիտուտները ֆորմալ գոյություն ունեն, դեկլարացված են նաև քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Սակայն իրականում երկրում հաստատված կլեպտոկրատիայի (համակարգ, որտեղ պետական չինովնիկները, իշխող կուսակցության ֆունկցիոներները համակարգված կերպով օգտագործում են իրենց ծառայողական դիրքերը անձնական հարստացման համար) և պլուտոկրատիայի (համակարգ, որտեղ խոշոր գործարարներն ու ֆինանսիստներն օգտագործում են պետության ադմինիստրատիվ ռեսուրսները սեփական ընկերություններին աջակցելու ու անձնական հարստություն կուտակելու համար) խառնածին մի վարչակարգ։

Երկակի իրականության մղձավանջը ցրելու միակ տարբերակը դժգոհ քաղաքացիների մասսայական ու հրապարակային բողոքն է: Դժգոհությունների առանձին օջախներ իշխանությունը ընդունակ է ճնշելու, սակայն մասսայական դիմադրության և խնդրի քաղաքականացման դեպքում իշխանության նահանջն անխուսափելի է:

Մեկնաբանել