Հակաչինական բողոք Վիետնամում․ կան զոհեր

Մեկ չինացի աշխատող սպանվել է և ևս մոտ 90 մարդ տուժել է Վիետնամում հակաչինական բողոքի ակցիայի ընթացքում, հաղորդում է BBC-ն։ Այլ տեղեկությունների համաձայն՝ արդեն զոհվել է 20 մարդ։

Միջադեպը տեղի է ունեցել Վիետնամի կենտրոնական Հա Թին նահանգում՝ թայվանական մետալուրգիական գործարանում։

Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, ինչ ցուցարարները օտարերկրյա մի շարք գործարաններ են հրդեհել արդյունաբերական պարկում։ Մայիսի 13-ին Բին Դին նահանգում՝ արդյունաբերական պարկերում, հրդեհվել էր նվազագույնը 15 գործարան։ Զոհերի մասին հաղորդումներ չէին եղել։

Թիրախ են դառնում ընկերությունները, որոնց սեփականատերերը չինացիներ են կամ որոնք ղեկավարվում են չինացիների կողմից։

Հակաչինական ցույցերը սկսվել են այն բանից հետո, ինչ Չինաստանը հորատման հարթակ է տեղադրել Հարավչինական ծովի վիճելի հատվածում, որին հավակնում է նաև Վիետնամը։

Հարթակը վիճելի Պարասելյան կղզիներից արևմուտք ընկած ջրերում տեղադրվել է այս ամսվա սկզբին՝ հանգեցնելով վիետնամական և չինական նավերի միջև բախման, քանի որ Վիետնամը չինական նավերն արգելափակելու գործողություններ է ձեռնարկել։

Վիետնամը վստահեցնում է, որ չինական հարթակը վիետնամական ջրերում է՝ այն համարելով անօրինական։

Չինաստանն ասում է՝ հարթակն ամբողջությամբ իր ջրերում է։

Պեկինը Հանոյից պահանջել է երաշխավորել Վիետնամում չինական ընկերությունների և Չինաստանի քաղաքացիների անվտանգությունը։

Հարավչինական ծովում լարվածությունը վերջին տարիներին աճել է։ Չինաստանը վստահեցնում է, որ ծովի մեծ մասն իր տարածքային ջրերն են։ Նրա այս հավակնությունները հանգեցրել են հարաբերությունների լարվածության Փիլիպինների և Վիետնամի հետ։

Ֆիլիպինների կառավարությունն ավելի վաղ բողոքով դիմել էր ՄԱԿ՝ տարածքային վեճը լուծելու ակնկալիքով։

Մեկնաբանել