«Էլեկտրական ցանցերը» տուգանվեց 20 մլն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցերին»` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 նորակառույց շենքը համակարգին չմիացնելու համար: Շենքի բնակիչները դիմել էին հանձնաժողովին` տեղեկացնելով, որ թեև շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս չորս տարի առաջ, և շենքը հանձնվել է շահագործման, այդուհանդերձ, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

ՀԷՑ-ը իր գործողությունները պայմանավորել է այն հանգամանքով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար»-ի հետ: Ըստ «ՀԷՑ»-ի` վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ընկերության կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել, քանի որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ։

Հանձնաժողովը կարծոււմ է, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից և եթե անգամ, շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ:

Մայիսի 16-ին կայացած նիստին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ առաջին անգամ չէ` ՀԷՑ-ը հայտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում։ Այս անգամ հանձնաժողովը որոշել է տուգանել ՀԷՑ-ին 20 մլն դրամով, ինչպես նաև` հանձնարարել 7 օրում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր և հոսանքով մատակարարել ամբողջ շենքը` ներառյալ վերելակները և խմելու ջրի պոմպերը։

Մեկնաբանել