Ո՞ւր է Հատուկ քննչականը

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր Արթուր Ալեքսանյանի միջև միջադեպի մասին ուշագրավ հայտարարություն է արել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնեմ, որ ըստ iLur.am կայքի մայիսի 12-ի հրապարակման՝ Նադարյանը բռնություն է կիրառել Ալեքսանյանի նկատմամբ: Ոստիկանության մամլո ծառայությունն ու Նադարյանը համառորեն հերքում են դա: Արթուր Ալեքսանյանը միջադեպի հետ կապված epress.am-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր լուրը։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով Նադարյանի և Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին խոսակցություններին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է. «Ծանոթ ենք ընդամենը հաղորդումներից, այսինքն հրապարակումներից, բայց կրկնում եմ, եթե Վարդան Նադարյանը չլիներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ, ես բնականաբար կընդունեի այդ հանցագործության մասին հաղորդում և կուղարկեի քննչական բաժին նյութեր նախապատրաստելու: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձը հանդիսանում է իմ նշած կատեգորիայի սուբյեկտների շարքում, հետևաբար միայն Հատուկ քննչական ծառայությունը կարող է նշված անձի գործով զբաղվել»:

Շիրակի մարզի դատախազը ուղիղ տեքստով հայտարարում է, որ անկախ այն բանից, թե դեպքը իրականում տեղի ունեցել է, թե ոչ, մամուլի հրապարակումը պետք է ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին և քայլեր ձեռնարկվեին։ Դատելով Րաֆֆի Ասլանյանի խոսքից՝ կարելի է եզրակացնել, որ թերացել է Հատուկ քննչական ծառայությունը, որը մամուլի հրապարակումը չի ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Թերացել է նաև ՀՀ ոստիկանությունը: Եթե մարզի դատախազը հիմքեր է տեսնում նյութեր նախապատրաստելու համար, ապա ոստիկանության ղեկավարությունը առնվազն պետք է հիմքեր տեսներ ծառայողական քննություն սկսելու համար:

Սակայն մինչ այս պահը ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ էլ ՀՀ ոստիկանությունը միջադեպի եղելությունը պարզելու, մեղավորներին պատժելու և աղմուկին վերջ տալու համար որևէ քայլ չեն արել: Սա խոսում է այն մասին, որ առնվազն ՀՀ ոստիկանապետը խիստ շահագրգռված է, որ Վարդան Նադարյանի գլխից մազ չպակասի։

Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն և ազդեցիկ կառույց է, որի պետը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացմամբ: Փաստացի ՀՔԾ-ի այս անգործությունը հուշում է այն մասին, որ վերևներում քաղաքական որոշում չկա Վլադիմիր Գասպարյանի մտերիմ ընկերոջ՝ Վարդան Նադարյանի նկատմամբ արդարադատություն իրականացնելու առումով: Աշխատում է ընտրովի արդարադատություն կիրառելու սկզբունքը:

Մեկնաբանել