Վրաստանի նախկին արտգործնախարարը՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Վրաստանի նախկին` 2004-2006թթ. արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է վրացական Interpressnews գործակալությունը: Նա գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի մայիսի 16-ին: Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է մայիսի 16-ին ժամը 18-ին:

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Դավիթ Նարմանիայի թեկնածությունը, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ Թբիլիսիի Հին Թբիլիսի վարչական շրջանի ղեկավար Նիկոլաս Մելիայի թեկնածությունը: Ընտրություններին կմասնակցի նաև «Միասնական ընդդիմություն» դաշինքի թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Դմիտրի Լորտկիփանիձեն:

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հունիսի 15-ին:

Մեկնաբանել