18 մայիս, 2014 14:15

Վերադարձ անցյալին անհնարին է. ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ և արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան: 

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակում դրա խաղաղ կարգավորմանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Անդրադարձ է կատարվել նաև սահմաններում տիրող իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել մայիսի 16-ին: Ավելի վաղ նրանք Երևանում հանդիպում ներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մինսկի խումբըհայտարարությամբ էր հանդես եկել 1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ: «Մենք հակամարտության կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում ունենք և հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում` հնարավորինս արագ լուծման հասնելու համար` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` այն դրույթների վրա, որոնք վերաբերում են բռնի ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքորոշման սկզբունքին»,- մասնավորապես ասված էր հայտարարությունում

Մայիսի 7-ին էլ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Կարնեգի» հիմնադրամում հայտարարություն էր արել` ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը` ամփոփված վեց կետում: