Երթ՝ ընդդեմ Մաքսային միության

«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» ֆեսբուքյան նախաձեռնությունը հավաք, ապա նաև երթ է կազմակերպել՝ No Putinism կոչով: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի անկախության ճակատագրով մտահոգված մի խումբ անհատների նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք Երևանի Ազատության հրապարակում և երթ դեպի ՌԴ դեսպանատուն՝ ընդդեմ Կրեմլի հակամարդկային և օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկի…նի հակաժողովրդավարական հայտարարությանը հակընդդեմ` նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարելու նպատակով: Նախաձեռնությունը սատարում է նույն օրը Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի կողմից մի շարք խոշոր քաղաքներում պուտինիզմի դեմ կայանալիք բողոքի ակցիաներին։ ՌԴ դեսպանատնից երթը կշարունակվի դեպի Բաղրամյան-26:

Երթն արտոնված է և Ազատության հրապարակից շարժվելու է Թումանյան փողոց- Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Զաքիյան փողոց- Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի հարակից տարածք-Գր․Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա՝ մինչև Պռոշյան փողոց ընկած հատվածը երթուղով։

Նախաձեռնողներ`․
Գայանե Առուստամյան
Կարեն Բարսեղյան
Էլմոն Եղնուկյան
Վրէժ Զատիկեան
Դանիել Իոննիսյան
Վահան Լուլուկեան
Արծվին Ծատրյան
Միքայել Կարապետյան
Յուրա Հակոբյան
Շողեր Հակոբյան
Ֆելիքս Հայրապետյան
Պարոյր Հայրիկեան
Նազիկ Ղազինյան
Գագիկ Սարուխանյան
Վարուժան Տրիբունեան

2013թ. հուլիսի վերջին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ երեք ու կես տարի տևած բանակցությունների ավարտը, և Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր համաձայնագրի նախաստորագրումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սակայն սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել