20 մայիս, 2014 09:24

Ո՞ւր էր Հատուկ քննչականը

Մայիսի 12-ին ilur.am կայքը լուր հրապարակեց, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը բռնություն է կիրառել ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և նրա եղբոր նկատմամբ: Այս առիթով Սիվիլնեթում հրապարկված «Ու՞ր է հատուկ քննչականը»  հոդվածում տարակուսանք էի հայտնում, թե ինչու մինչև հիմա Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է դրսևորել և Նադարյանի մասով չի իրացրել իր գործառույթները:

Հատուկ քննչական ծառայությունը, արձագանքելով հոդվածին, նշել է, որ «դեռ 2014թ. մայիսի 9-ի մամուլի հրապարակումների` որպես ենթադրաբար կատարված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են դատավարական համապատասխան գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու ուղղությամբ»:

Նախ, Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր նշել, թե մամուլի որ հրապարկումների հիման վրա է նյութեր նախապատրաստում: «Ու՞ր է հատուկ քննչականը» հոդվածում որպես տեղեկատվության աղբյուր նշվում է ilur.am-ի հրապարակումը, որը լույս է տեսել մայիսի 12-ին: Թերևս տրամաբանական կլիներ, որ Հատուկ քննչական ծառայությունը մատնաշեր իր հիշատակած ո՛ր լրատվամիջոցի ո՛ր հրապարակման մասին է խոսքը:

Երկրորդ, նյութեր նախապատրաստելու մասին Հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարում հասարակությանը տեղյակ պահել գործողություններ իրականացնելուց շուրջ տասը օր հետո: Ծառայության պաշտոնական կայքէջում այս մասին ավելի վաղ դրված որևէ տեղեկատվության վկայություն չկա: Հանրության և լրատվամիջոցների հետ օրենքով թույլատրված սահմաններում թափանցիկ աշխատելու պատրաստակամությունը հաստատելու և անաչառ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքի իրացումն ապահովելու համար Հատուկ քննչական ծառայությունն իր քայլերի մասին պետք է պաշտոնական հայտարարություն տարածեր ոչ թե ի պատասխան իրեն ուղղված հոդվածի, այլ շատ ավելի վաղ:

Այլապես հարց է առաջանում, իսկ եթե այդպիսի հոդված չգրվեր, ի՞նչ է՝ հանրությունը այդպես էլ տեղյակ չէ՞ր լինելու, թե ինչ գործողություններ է իրականացնում Հատուկ քննչական ծառայությունը: Փաստացի, Հատուկ քննչական ծառայությունը միջադեպի հետ կապված գաղտնիության այնպիսի պայմաններում է նյութեր նախապատրաստում, որ դրա մասին տեղյակ չեն կամ չեն ցանկանում խոսել անգամ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը և Շիրակի մարզի դատախազը:

Տրամաբանությունը հուշում է, որ միջադեպի վերաբերյալ տեղեկատվական թափանցիկությունն ապահովելու ու հանրային վստահությունը ստանալու համար ՀՀ ոստիկանությունն իր հերթին ոչ թե պետք է անվերապահորեն հերքեր միջադեպի եղելությունը, այլ առնվազն դրա հետ մեկտեղ նշեր, որ Հատուկ քննչական ծառայությունը գործի հետ կապված նյութեր է նախապատրաստում:

Քաղաքացիներն ու լրագրողները պարտավոր չեն գուշակել, թե ինչով են զբաղված պետական այդ կառույցները: Քաղաքացու հարկերի հաշվին գոյատևող այս և մնացած հաստատությունները պարտավոր են մշտապես քաղաքացուն հաշվետու լինել: Իրենց գործունեության մասին հաղորդագրություն պետք է տարածեն ոչ թե ի պատասխան լրագրողի հոդվածի և լրագրողին ու նրա կատարած աշխատանքը անհարկի պիտակավորելով, այլ ինքնակամ և ժամանակին, հատկապես հասարակական այնպիսի հնչեղ գործերի պարագայում, ինչպիսին ոստիկանության մարզային վարչության պետի և հայտնի մարզիկի հետ կապված դեպքն է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: