21 մայիս, 2014 13:49

Աբրահամյանն ասաց` ինչպես է հարստացել

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին` Ազգային ժողովում կառավարության նոր ծրագրի ներկայացմանը, պետական պաշտոնյաների հայտարարագրած գումարների վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք վաստակել այդ գումարները»,- հարցրեց Փաշինյանը` վկայակոչելով Հովիկ Աբրահամյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ունեցվածքի հայտարարագրերը: Պատգամավորը հիշեցրեց, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից:

Վարչապետը կոչ արեց «նեգատիվ չվերաբերվել» գործարարությանը։ «Գործարարների շնորհիվ է, որ Դուք այսօր այստեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, գործարարների վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք թոշակ ենք բարձրացնում, աշխատավարձ ենք բարձրացնում, հարկերի վճարման մասով ենք մենք վերանորոգել Ազգային ժողովի այս գեղեցիկ դահլիճը։ Ես կոչ եմ անում, որ գործարարներին բոլորը շատ հարգանքով վերաբերվեն։ Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ որ ես հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես զարմանում, թե ինչու եք գործարարներին ինձնից պաշտպանում, ես գործարարների անուն չեմ տվել, ես տվել եմ կառավարության երեք անդամի անուն, և հենց դա եմ ուզում հասկանալ՝ դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ։ Ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում, տոկոսների տակ է ընկնում, Դուք հող եք մշակում, միլիոնավոր դոլարներ եք աշխատում, ձևը ասեք իրենք էլ անեն»։

Վարչապետը հանդարտության կոչ արեց: «Ես խնդրում եմ Ձեզ հանդարտություն, ինչո՞ւ եք լարվում, մի´ լարվեք։ Դուք պատկերացում էլ չունեք՝ ինչ է նշանակում գործարարություն, չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել, հող էլ տան Ձեզ մշակելու, չեք էլ կարող մշակել։ Դուք գործարարներին հասարակության մեջ փորձում եք սարքել թշնամի, որոնք հազարավոր ընտանիքներ են պահում, Դուք մի ընտանիք չեք պահել Ձեր կյանքում բացի քննդատելուց»։