21 մայիս, 2014 14:42

Ռուսներն ու չինացիները ստորագրեցին գազային պայմանագիրը

Ռուսական գազային հսկա «Գազպրոմն» ու չինական CNPC-ին (China National Petroleum Corporation) մայիսի 21-ին ստորագրել են Չինաստան ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի շրջանակում։

30 տարով կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը $400 մլրդ է, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին։

«Գազպրոմի» ղեկավարի խոսքով՝ սա ընկերության խոշորագույն պայմանագիրն է, որը նախատեսում է Չինաստան տարեկան 38 մլրդ խմ գազի մատակարարում։ «Այսպիսի պայմանագիր գոյություն չունի ոչ մի ընկերության հետ»,- ասել է նա։

Վլադիմիր Պուտինը պայմանագրի ստորագրումը «դարակազմիկ իրադարձություն» է անվանել։

Փաստաթուղթը համաձայնեցվում էր մի քանի տարի շարունակ։ Հիմնական խոչընդոտը գազի գինն էր, որը կողմերը համաձայնեցրել են մինչև վերջին պահը։

«Գազպրոմի» ղեկավարը հրաժարվել է լրագրողներին հայտնել Չինաստանի համար գազի գինը՝ վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքը։ Սակայն օրեր առաջ ռուսական «Իզվեստիա» թերթը, վկայակոչելով «Գազպրոմում» ունեցած իր աղբյուրը, գրել էր, որ ռուսական գազի գինը Չինաստանի համար կկազմի մոտ $350-380՝ 1000 խմ-ի դիմաց։