21 մայիս, 2014 10:49

Սերժ Սարգսյանի առևտրական գործընկերները

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում ներկայացնում է իր ծրագիրն Ազգային ժողովին։ Ծրագրի ընդհանուր ռազմավարությանն ու նրբերանգներին անդրադառնալը և Հովիկ Աբրահամյանի կառավարությունից ինչ-ինչ ակնկալիքներ ունենալը քաղաքական միամտություն կամ իշխանություններին անուղղակիորեն աջակցելու փորձ է:

Հայաստանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը ծրագրերն ու Սահմանադրությունը չեն: Քաղաքական ու պետական ճգնաժամի պայմաններում Հովիկ Աբրահամյանը այն գործիչը չէ, որը կկարողանա թեկուզ աննշան չափով ստեղծված իրավիճակում դրական փոփոխություն բերել, նույնիսկ եթե շատ մեծ ցանկություն ունենա: Գործող վարչապետը ո՛չ նման ցանկություն ունի, ո՛չ էլ ի վիճակի է:

Ապագաղափարական և ապապետական իշխող էլիտայի հիմնական տեսլականը ամեն գնով իշխանություն պահելն է, իշխել՝ իշխելու համար: Հովիկ Աբրահամյանը այդ իշխանության կարկառուն ներկայացուցիչն է:

Այս գաղափարաբանությամբ առաջնորդվող իշխանությունից սպասելիքներ չեն ունենում, այդպիսի իշխանություններին տապալում են՝ քաղաքական ու գաղափարական իրական այլընտրանք ձևավորելով:

Տարօրինակ է, որ ոչ իշխանական քառյակը երկարատև քննարկումներ է անցկացնում կառավարության ներկայացրած ծրագրի հետ կապված միասնական դիրքորոշում ձևավորելու համար: Դիրքորոշումը գործող իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ պետք է որ վաղուց ձևավորված լիներ՝ անկախ այն հանգամանքից՝ Հովիկ Աբրահամյանն է վարչապետ, թե ուրիշ մեկը: Բացարձակ մոլորություն է, որ Սերժ Սարգսյանի իշխանական համալիրում որևէ մեկը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել, որ էականորեն կտարբերվի հիմնական՝ իշխանությունն ամեն գնով պահելու կուրսից:

Ժամանակ տալ Հովիկ Աբրահմյանին, նշանակում է ուղղակիորեն սատարել Սերժ Սարգսյանին իշխանությունը պահելու հարցում: Մեծ հաշվով, Հովիկ Աբրահամյանը նշանակվել է հենց իշխանության պահպանման ժամկետի երկարաձգման և մինչև համապետական հաջորդ ընտրությունները ձգելու համար: Դատելով ոչ իշխանական քառյակի առանձին անդամների հայտարարություններից՝ նրանք մեծ հաշվով պատրաստ են այդ ժամանակը տրամադրելուն:

Աբրահամյանին ժամանակ տալու կողմնակիցները պարզապես դեռ հարմար ձևակերպում չեն գտնում իշխանության անուղղակի աջակցման ակտը հավուր պատշաճի ձևակերպելու համար: Անհրաժեշտ է լոյալությունը այնպես ներկայացնել, թե իբր իրականում աջակցելով Սերժ Սարգսյանին՝ պայքարում են նրա դեմ և երկրում արմատական փոխությունների են ձգտում։ Ճիշտ է՝ բավական դժվար է լինելու համոզիչ ձևակերպում ու հիմնավորում տալը, սակայն իշխանությունների հետ առևտրում թրծված քաղաքական ուժերի հնարամտության և մտքի ճկունության վրա կասկածել չարժե:

Ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությունը տապալած Սերժ Սարգսյանի իշխանության գոյության երաշխիքը բացառապես նրա դեմ «պայքարողներն» ու արմատական փոփոխությունից կեղծ խոսողներն են: Բարոյալքված, զրոայական լեգիտիմության և առանց ռեսուրսների իշխանությունը յուրաքանչյուր նորմալ երկրում կտապալվեր, եթե նրա դեմ հանդես գար լուրջ և իրականում համակարգային փոփոխություններ պահանջող ընդդիմություն:

Հայաստանում ֆրագմենտացված ու իրենց ցանկությունների և նպատակների մեջ չկողմնորոշվող, իշխանական կերակրատաշտից օգտվելու ախորժակ ունեցող, իշխանությունների հետ ստվերային առևտուր անողները որևէ շանս չունեն տապալելու Սերժ Սարգսյանին, որը քաղաքական առևտրի հմտություններով մի քանի անգամ գերազանցում է իր առևտրական գործընկերներին: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: