Ադրբեջանական նավթի միֆը

Պետրոս Թերզյանը՝ ՍիվիլՆեթում դասախոսություն կարդալիս:

Սիվիլիթաս հիմնադրամը օրերս կազմակերպել էր «Նավթի և գազի գործոնը. Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա» վերտառությամբ դասախոսությունը: Դասախոսությունը կարդում էր նավթագազային ոլորտի խորհրդատվությամբ զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը։

Դասախոսությունն իսկապես տպավորիչ էր: Այն ամբողջական պատկերացում ստեղծեց Ադրբեջանի նավթային ռեսուրսների ու դրանց ազդեցության վերաբերյալ: Հետաքրքիր է, որ դասախոսության ընթացքում ներկայացված եզրահանգումները հիմնականում տարբերվում են լրատվամիջոցներում հայտնվող եզրահանգումներից: Հետազոտությունները փաստում են, որ Ադրբեջանի նավթային պոտենցիալը չի համապատասխանում մեդիայում ներկայացված պատկերին:

Ժամանակին Ադրբեջանի իշխանությունները փորձել են ստեղծել «Նոր Քուվեյթ» միֆն Ադրբեջանի մասին՝ ցույց տալու, թե իրենք կարող են դառնալ նավթամթերք արտահանող առաջատար երկիր: Սակայն, ըստ հետազոտությունների, նման պոտենցիալ Ադրբեջանը չունի: Բաքուն հայտարարել էր, որ 100 մլրդ տակառ նավթային պաշարներ ունի, մինչդեռ ներկայում իրապես առկա պաշարներն ընդամենը 5 մլրդ են կազմում: Միևնույն ժամանակ, ակնկալվում էր, որ 2013թ. Ադրբեջանը կարդյունահանի 70 մլն տոննա նավթ, սակայն արդյունահանել է ընդամենը 43 մլն տոննա:

Նավթի արդյունահանման ցուցանիշները ևս չեն համապատասխանում ակնկալիքներին: Օրինակ, Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթավայրերի համար 2010թ. համար կանխատեսվել է 42,1 մլն տոննա արդյունահանում. իրականում այն կազմել է 40,6 մլն տոննա: Իսկ ահա 2012թ. կանխատեսման ու իրական արդյունահանման միջև տարբերությունն ավելի է մեծացել՝ 35,6 մլն-ի փոխարեն կազմելով 33 մլն տոննա:

Վերջին տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ այս ամենից բացի՝ պաշարները նվազում են, արտահանման ընտրված տարբերակների պատճառով արտահանումը՝ նույնպես:

Եվս մեկ փաստ՝ ադրբեջանական նավթի արտահանման ինքնարժեքը շատ բարձր է: Ամենամատչելի տարբերակը Ռուսաստանի և Իրանի վրայով արտահանումն է, բայց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պարագայում իրանական տարբերակը ի սկզբանե բացառված է եղել, իսկ ռուսական տարբերակից Բաքուն ինքն է հրաժարվել՝ Մոսկվայից կախումից խուսափելու համար: Այս ամենի պատճառով՝ ադրբեջանական նավթն արտահանվում է ամենաթանկ ուղիով՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով:

Նավթային պաշարների ու դրանցից եկամուտների նվազումը Բաքվին ստիպում օգտագործել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գումարները: Այդ հիմնադրամը 2001-ից սկսած ստացել է 90 մլրդ դոլար: Այսօր այդ գումարի 2/3-ն արդեն ծախսված է Ադրբեջանի բյուջեի պակասուրդը փակելու համար: Հիմնադրամի վերահսկողության տակ մնացել է ընդամենը 30 մլրդ դոլար:

Petrostrategies-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նավթային հզորությունը շարունակական անկում է ապրում: Ադրբեջանի կառավարման ողջ համակարգը մեծապես կախված է նավթից, և դրա նվազումն անխուսափելիորեն համակարգային ճգնաժամի առաջ կկանգնեցնի այդ երկրին:

Հայաստանը պետք է պատրաստվի իրադարձությունների նման զարգացմանը, որովհետև այդ ճգնաժամն ուղղակիորեն ազդելու է ողջ տարածաշրջանի վրա:

Պետրոս Թերզյանը ներկայացրեց նաև Ադրբեջանի գազային պաշարների պատկերը՝ չափազանցված համարելով այն պնդումները, թե ադրբեջանական գազը եվրոպական շուկայում կարող է այլընտրանք լինել ռուսականին: Եվրոպայի գազի տարեկան պահանջարկը կազմում է 500 մլրդ խմ, այն դեպքում, երբ ադրբեջանական Շահ Դենիզի հանքավայրի տարեկան արդյունահանումը ընդամենը 10 մլրդ խմ է:

Մեկնաբանել