Ասոցացման համաձայնագիրը պետք է նախագահը ստորագրի. Մարգվելաշվիլի

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի երկրի նախագահը: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է վրացական Interpressnews գործակալությունը:

«Կարծում եմ, որ այս փաստաթուղթը պետք է Վրաստանի նախագահը ստորագրի, չնայած առկա է մեկ լուրջ առարկություն. այդ ամենը պետք է տեղի ունենա կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Այդ համաձայնագրի ստորագրումը հսկայական ռազմավարական նշանակություն ունի Վրաստանի համար և դրա հետ կապված խորհրդակցություններ կանցկացվեն»,- ասել է Մարգվելաշվիլին:

Նրա կարծիքով՝ համաձայնագիրը պետք է ստորագրի նախագահը, քանի որ փաստաթուղթը նախատեսում է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր և դատական մարմինների կողմից իրականացվող գործընթացներ:

Մարգվելաշվիլին՝ մյուս կողմից ընդգծել է, որ մտադիր է սերտացնել համագործակցությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

«Ես և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել ենք ուժեղացնել համակարգումը և համագործակցել առավել սերտ ձևաչափով»,- ասել է նախագահը:

Մայիսի 14-ին Թբիլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի հետ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Վրաստանն ու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն հունիսի 27-ին, և փաստաթուղթը վրացական կողմից կստորագրի վարչապետ Ղարիբաշավիլին:

Մեկնաբանել