Վարչապետը չբացատրեց «պարտադիր»-ի և «պարտադրված»-ի տարբերությունը

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին` Ազգային ժողովում կառավարության նոր ծրագրի ներկայացմանը, հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «պարտադիր» և «պարտադրված» բառերի տարբերության վերաբերյալ: Վարչապետը ապրիլի 23-ի կառավարության նիստին հայտարարել էր, թե «կենսաթոշակային համակարգը պետք էլ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

«Կա Էդուարդ Աղայանի հայերենի բացատրական բառարանը: Այդ բառարանի երկրորդ հատորի 1207 էջում գրված է պարտադիր բառի հայերեն բացատրությունը. նշված է, որ պարտադիր նշանակում է պարտադրված։ Հիմա դուք ասում եք «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Հայերենում այս նախադասությունը իմաստ չունի, եթե պետք է հատուկ կոնդակով կամ հրովարտակով նոր իմաստ հաղորդեք այս բառին, խնդրում եմ ասեք»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը վարչապետին:

Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, չպատասխանեց այս հարցին` նշելով, թե շատ լավ է, որ Փաշինյանը բառարան է ընթերցում, ինքն էլ կընդօրինակի և կսկսի ընթերցել։

Մեկնաբանել