Երևանի ոստիկանության նախկին պաշտոնյան ձերբակալվել է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու` նրան ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7 հազ. դոլար կաշառք:

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս: Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, այն է` «պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», նախատեսում է 7-ից մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մեկնաբանել