Կառավարության գաղտնի որոշումների հետևանքով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել։ Կառավարությունը համալիրին 2012թ. գաղտնի որոշմամբ տրամադրած է եղել մոտ 23 մլն դոլարի բյուջետային վարկ՝ գիտակցելով, որ ընկերությունն այն չի կարողանալու մարել։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դիմել է վարչական դատարան։ Նա պահանջում է վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ համալիրից հօգուտ Հայաստանի Հանրապետության 10,2 մլրդ դրամ բռնագանձելու որոշումը, որի կատարողական թերթիկը հանձնվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (ԴԱՀԿ): Վերջինս էլ համալիրի վաճառքի աճուրդ է հայտարարել:
Ընկերությունը դատարան դիմել է մայիսի 19-ին: Մարզահամերգային համալիրի մամուլի խոսնակ Լիլյա Ադունցը ՍիվիլՆեթին ասաց, որ ԴԱՀԿ-ն խախտել է համալիրի գույքը 25,8 մլրդ դրամ գնահատելու գործընթացում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, և 8-րդ հոդվածը, ըստ որի՝ կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: «Բացի այդ, դատարանի որոշումը, ըստ որի համալիրից պետք է գումար բռնագանձվի, մեր կողմից բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից»,- ասաց նա։
Դատական տեղեկատվական համակարգում երևում է, որ մարզահամերգային համալիրի դիմումը ստացվել է մայիսի 19-ին, սակայն վարույթ սկսելու կամ դիմումը մերժելու որոշում դեռ չի կայացվել։
Դատական վարույթ սկսելու դեպքում, գործող օրենսդրության համաձայն, կասեցվելու են ԴԱՀԿ-ի գործողությունները՝ համալիրից գումարի բռնագանձումը և աճուրդը։
Կոռուպցիոն սխեմա
Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Այն հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում ֆինանսների նախարարության թեթև ձեռքով։
2009թ. հունիսին կառավարությունը գաղտնի որոշմամբ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը (փոխկապակցված է մարզահամերգային համալիրի հետ) տրամադրել է 20 մլն դոլարի բյուջետային երաշխիք (համապատասխան պայմանագիրը ստորագրել է ֆինանսների նախարարությունը)։ Հետագայում ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված՝ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել սպասարկել բյուջետային երաշխիքով ներգրավված վարկը, և կառավարությունը ընկերությանը ձեռք է մեկնել։
Կառավարությունը 2012թ. սեպտեմբերի 13-ի գաղտնի որոշմամբ համալիրին 6 ամսով տրամադրել է 9,77 մլրդ դրամի բյուջետային վարկ՝ «ԲԱՄՕ Մետալ» ընկերության վարկը մարելու նպատակով։ Որպես վարկի ապահովման միջոց հանդիսացել է համալիրի անշարժ գույքը։ Սեպտեմբերի 20-ին արդեն ստորագրվել է վարկային պայմանագիրը։ Համալիրն իր հերթին ունեցել է բյուջետային վարկի սպասարկման խնդիր, և տեղի է ունեցել ժամկետի երկարաձգում մեկ տարով։
Կառավարությունը 2012թ. ևս մեկ գաղտնի որոշում է կայացրել: 2012թ. դեպտեմբերի 27-ի անհատական գաղտնի որոշմամբ՝ ֆինանսների նախարարության և համալիրի միջև սեպտեմբերի 20-ին կնքված վարկային պայմանագրից և անշարժ գույքի հաջորդող գրավից բխող իրավունքների իրականացման լիազորությունը վերապահվել է պաշտպանության նախարարությանը։
Պարզ ասած՝ պաշտպանության նախարարությանը որպես կողմ ներգրավելով՝ կառավարությունը հնարավորություն է ստացել դատարանում պահանջել նիստը անցկացնել դռնփակ՝ «պետական գաղտնիք» պարունակող նյութերի պատրվակով։
Հարցեր
Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված պատմությունն ավելի շատ հարցեր է պարունակում, քան պատասխաններ։
Ի՞նչ հիմքերով է կառավարությունը ռուսական 500 մլն վարկից 20 մլն դոլարի բյուջետային վարկ տրամադրել «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը և ինչո՞ւ գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ է հետագայում կառավարությունը գաղտնի որոշմամբ այդ վարկերը մարելու համար մեկ այլ ընկերության բյուջետային վարկ տրամադրել, ընդ որում՝ բավական վատ պայմաններով. մի՞թե կառավարությունն ակնկալում էր, որ ընկերությունը վեց ամսվա ընթացքում մարելու է 20 մլն դոլարի վարկը։