Սահմանադրական բարեփոխումների կարիք չկա

Հանրային տարբեր մակարդակներում քննարկվում է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Հանձնաժողովը փորձում է հանրությանը համոզել, որ կա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն: Իրականում այսօր սահմանադրական ճգնաժամ և բարեփոխումների անհրաժեշտություն չկա, սա պարզապես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման քայլ է:

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնին, ինչպես նաև խորհրդարանական կառավարման մոդելի անցման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Նախ՝ Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում և հետո՝ պետք է հաշվի առնել, որ 3.5 տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցություններ վարելուց ու նոյեմբերին Ասոցացման պայմանագիրը ստորագրել խոստանալուց հետո՝ սեպտեմբերի 3-ին, Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին:

Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից հետո իր ենթակաների միջոցով հավաստիացնում էր, որ գազի գինը չի բարձրանա, հայտարարվեց նաև, որ Ռուսաստանի հետ հաջող բանակցության արդյունքում առաջիկա հինգ տարիներին չի բարձրանա գազի սակագինը, սակայն այս տարվա մարտի 28-ին Սարգսյանը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում հանդես եկավ նախորդ հայտարարությանը հակասող հայտարարությամբ՝ նշելով, որ առաջիկա տարիներին գազի գինը տարեկան մինչև 5 տոկոսով կարող է բարձրանալ:

Սարգսյանն այս ընթացքում հասցրեց նաև չկատարել իր նախընտրական խոստումների մեծ մասը:

Այսպիսով կարող ենք փաստել, որ Սարգսյանի քաղաքական հայտարարությունները հիմնազուրկ ու անվստահելի են:

Այս ամենից բացի, կարևոր է հստակ ամրագրել, որ Հայաստանի ներկա իրավիճակի ամենամեծ խնդիրը ոչ թե սահմանադրական բացերն են, այլ կեղծվող ընտրությունները: Սերժ Սարգսյանն ի դեմս Հանրապետական կուսակցության՝ կեղծ ընտրությունների միջոցով քաղաքական ներուժը կենտրոնացրել է իր ձեռքում, ինչն այս պահին Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրն է: Քանի դեռ չեն փոխվել ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու ինստիտուտները և չենք կարողացել գոնե մեկ անգամ իրական արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել, մենք ունենալու ենք նույն խնդիրն անգամ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին կառավարման համակարգում որևէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել. չեն բարելավվել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական և ո՛չ էլ սոցիալական ոլորտները։ Այս ֆոնին դժվար է հավատալ, որ նախաձեռնված սահմանադրական բարեփոխումներն ունեն այլ նպատակ, քան վերարտադրվելը: Վերջին տարիների նրա քայլերն ուղղված են եղել հիմնականում իր իշխանություն ամրապնդմանը․ նա երբևէ երկիրը բարեփոխելու նպատակ իր առջև չի դրել, հետևաբար սահմանադրական բարեփոխման նպատակը ևս վերարտադրվելն է:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորում են նաև այն հանգամաքով, որ գործող Սահմանադրությունը չի կարողացել առարկայացնել իշխանությունների պատասխանատվության ինստիտուտը։ Իրականում Հայաստանում պատասխանատվության ինստիտուտի բացակայության հիմքերը դարձյալ թաքնված են ոչ թե Սահմանադրության, այլ ընտրությունների մեջ։ Կեղծվող ընտրությունների պատճառով է, որ պատասխանատվության ինստիտուտը Հայաստանում չի ձևավորվել: Այսօր Հանրապետական կուսակցությունը պատասխանատու չի զգում իրեն հանրության առջև կեղծված ընտրությունների հետևանքով:

Առանց պատասխանատվության ինստիտուտի Սահմանադրության ցանկացած փոփոխություն ինքնանպատակ է և հարմարեցված Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի շահերին: Եվ հենց այդ նպատակի համար էլ կասկած չկա, որ կկեղծվի նաև սահմանադրական հանրաքվեն:

Հայաստանի կառավարման համակարգի հիմնարար խնդիրը եղել և մնում են կեղծ ընտրությունները: Առանց ընտրական ինստիտուտի բարեփոխման, ցանկացած համակարգային փոփոխություն ձախողվելու է և երկիրը կանգնեցնելու է նոր ճգնաժամի առաջ: Հայաստանը ոչ թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն ունի, այլ արդար և մրցակցային ընտրությունների, որից հետո միայն կարելի է քննարկել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Մեկնաբանել