26 մայիս, 2014 18:30

Անշեղորեն կենսագործենք ՀՀԿ համագումարի որոշումները

Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով քաղաքական համակարգում ՀՀԿ-ի դերi և քաղաքական համակարգի մասին, հայտարարել է. «Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ»:

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը պետք է որ քաջատղյակ լինի, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների և գաղափարների ազատ մրցակցության մասին խոսելը հեգնանք է սեփական քաղաքացիների նկատմամբ: Իշխանություններին  հայհոյելն ու սուր քննադատելը ամենևին չի նշանակում կուսկացությունների ազատ մրցակցություն: Դա ավելի շուտ ազատ մրցակցության իմիտացիա է:

Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտում է իշխանության՝ սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել կուսակցությունների ազատ մրցակցության մակարդակը: Ինչքանով ընդդիմությունը հնարավորություն ունի իշխանության գալու, այդքանով էլ բարձր է ազատ մրցակցության մակարդակը: 1991-ից մինչ այսօր Հայաստանում ընտրությունների միջոցով ընդդիմությունը երբևէ իշխանության չի եկել: Քաղաքական ընդդիմությանը չի հաջողվում հաղթել անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Սա վկայում է ոչ թե իշխանությունների անվերապահ հեղինակության և հանրային մեծ վստահության, այլ իշխանության ձևավորման աղճատված մեխանիզմների և տոտալիտար բուրգի մասին:

Կուսակցական ազատ մրցակցություն կարելի է ապահովել առնվազն երկու պայման բավարարելու դեպքում.

1. Ազատ, արդար և մրցակցային ընտրություններ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ համապետական մակարդակում։ Առանց մրցակցային ընտրությունների կուսակցական մրցակցության մասին խոսելը դեմագոգիա է:

2. Իշխանության կողմից ֆինանասկան հոսքերի անվերահսկելիություն: Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ մնալու և ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են ոչ քիչ գումարներ: Կուսակցությունների համար ֆինանսական հոսքերի աղբյուր ժողովրդավարական երկրներում հանդիսանում են ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ տարբեր գործարարներ: Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններին կամ գործիչներին ֆինանսավորելը գործարարների համար ճակատագրական կարող է լինել:

Երկրում ֆինանսական հասքերի ամբողջական վերահսկողությունը և ընտրությունների պարբերական կեղծումը իշխանության պահպանման և վերարտադրամն հիմնական երաշխքներն են:

Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է խոսել կուսակցությունների ազատ մրցակցության մասին, երբ ՀՀԿ-ն բովանդակությամբ տոտալիտար է: Ներկուսակցական ժողովրդավարությունը զրոյական մակարդակի վրա է, իսկ ՀՀԿ-ն ղեկավարվում է բոլշևիկյան արժեհամակարգի «լավագույն» ավանդույթներով:

Սերժ Սարգսյանի կողմից կուսակացության ղեկավարի դերը ստանձնելուց հետո ՀՀԿ-ում կա միայն մեկ կարծիք: Կուսակցության ղեկավարի տեսակետներն ու մոտեցումները երբևիցե սեփական կուսակիցների կողմից կասկածի տակ չեն առնվում, նրա խոսքն ընդունվում է որպես անվիճարկելի ու բացարձակ ճշմարտություն: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: