26 core.base.month.05, 2014 12:31

Նավթի և գազի գործոնը. Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա

ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդման առաջին բանախոսը ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանն էր:

«Նավթի և գազի գործոնը. Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա». այս խորագիրն էր կրում ՍիվիլՆեթի տաղավարում մայիսի 15-ին ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանի դասախոսությունը:

ՍիվիլՆեթը հաղորդումների նոր շարք է սկսել, որը կոչվում է cԿԱՃԱՌ: Նոր ձևաչափով հաղորդումների բանախոսները լինելու են տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, որոնք բանիմաց լսարանին կներկայացնեն իրենց փորձը և ասելիքը, կպատասխանեն հարցերի: cԿԱՃԱՌ հաղորդման առաջին բանախոսը Պետրոս Թերզյանն էր: Դասախոսությունը բաղկացած էր երեք մասից:

Մաս 1. Կասպիցի պաշարները

Կասպից ծովի ընդհանուր նավթային պաշարները կազմում են 47 մլրդ տակառ.

Ղազախստան՝ 40 մլրդ տակառ,

Ադրբեջան՝ 5 մլրդ տակառ,

Թուրքմենստան՝ 1 մլրդ տակառ:

Կասպիցի նավթի նշանակությունը համաշխարհային շուկայում մեծ չէ: Պաշարները կազմում են համաշխարհայինի ընդամենը 3%-ը:

Ինչ վերաբերում է Կասպից ծովի գազի պաշարներին, ապա դրանք համաշխարհային գազային պաշարների 6%-ն են կազմում: Գազի արդյունահանմամբ առաջատարը Թուրքմենստանն է՝ 75 մլրդ խմ, որի հիմնական շուկաներից մեկը Չինաստանն է: Եվրոպան թուրքմենական գազի շուկա չէ:

Ղազախստանում արդյունահանումը կազմում է 65 մլրդ խմ, իսկ Ադրբեջանում՝ 17 մլրդ խմ: Գազի պաշարներով ևս այս հաջորդականությունը պահպանվում է․

Թուրքմենստան՝ 8200 մլրդ խմ,

Ղազախստան՝ 1900 մլրդ խմ,

Ադրբեջան՝ 1500 մլրդ խմ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպիցի պաշարների վերաբերյալ հսկայական թվեր էին ներկայացնում և պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր շրջան: Նավթի պաշարների մասին, օրինակ, ամերիկյան աղբյուրներն ասում էին, որ Կասպիցի շրջանում կա 200-233 մլրդ տակառ նավթի պաշար: Այսօրվա իրականությունը, սակայն, այն է, որ կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Նման հայտարարություններ անելու պատճառը քաղաքական էր, որպեսզի կարևորություն տրվի այս շրջանին, և քաղաքական ծրագրերը շրջանի վերաբերյալ իրագործվեն:

Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ մեկ տակառ նավթ չի հայտնաբերվել: Այն, ինչ հայտնաբերվել է, գազ էր, իսկ ինչ արտադրվում է նավթի պարագայում, արդեն Խորհրդային ժամանակներից մնացած պաշարներ էին:

Կասպից ծովի ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ՝ ելք չկա դեպի ազատ ծով, և դա հսկայական խնդիր է: Երկրորդ` ենթակառուցվածքային խնդիրներ կան: Հսկայական սարքավորումներ են պետք, ինչը կարելի է բերել նավերի միջոցով: Բայց այս պարագայում, որպեսզի Կասպից ծով մտնեն այդ նավերը, պետք է Վոլգայի և Դոնի ջրանցք հասնեն: Այդ ջրանցքները սահմանափակ են չափով և ձմեռը փակվում են: Հետևաբար, շատ դժվար է սարքավորումներ բերել Կասպից ծովի շրջան: Դրա առաջին հետևանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում:

Կասպից ծովի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի և Ղազախստանի հատվածում խորությունը շատ փոքր է՝ 8-10 մետր: Այս տարածքում սարքավորուներ տեղադրելը շատ բարդ է: Խորությունից բացի՝ խնդիր է, որ ձմռանը ծովի այս մասը սառչում է: Հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300-400 մետրի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե՞ ծով: Միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում Կասպիցի պարագայում: Մերձափնյա երկրներից ոմանց համար լիճ է, ոմանց համար՝ ծով: Այդ վեճը շարունակվում է և այդ վեճի հարատևությունը քաղաքական պատճառներ ունի: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետև այդ պարագայում ուղիներ կբացվեն, որ Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա:

Կասպիցի շուրջ քաղաքականությունը

Այս շրջանի վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են վարում:

ԱՄՆ քաղաքականությունը այս շրջանում կարելի է երկու բառով բնութագրել՝ «ո՛չ Իրանով, ո՛չ Ռուսաստանով»: Այսինքն` գազը կամ նավթը, որ այստեղից պետք է դուրս գա, չպետք է անցնի ո՛չ Ռուսաստանով, ո՛չ Իրանով:

Ադրբեջանի պարագան շատ հստակ է՝ Հայաստանով չպետք է անցնի և հնարավորինս պետք է հեռու մնա Ռուսաստանից, որպեսզի կախվածությունը չմեծանա:

Ռուսաստանի քաղաքականությունն է «Կասպիցին ո՛չ վերջնական և ամբողջական կարգավիճակ»:

Թուրքիան շատ հաջող քաղաքականություն է վարում: Այնպես է անում, որ Կասպից ծովի նավթը և գազը իր տարածքով անցնեն: Կասպից ծովի այս փակ իրավիճակը շրջանցնելու համար Թուրքիան օգտագործում է իր տարածքում կառուցված նավթատարերը և գազատարերը դեպի Արևմուտք:

Ադրբեջանցիները սկզբում կառուցեցին փոքր նավթամուղ դեպի վրացական Սուպսա: Հետո համաձայնություն ձեռք բերվեց կառուցելու «Բաքու-Ջեյհան» նավթատարը՝ Վրաստանով մինչև Թուրքիայի միջերկրածովյան ափ: Եվս մեկ գազատար կառուցվեց Թուրքիայի ներքին պահանջների համար, ոչ թե դուրս գնացող: Թուրքիան սկսեց գազ ստանալ նաև Իրանից՝ կամաց-կամաց դառնալով գազի և նավթի տարանցման կարևոր առանցք:

Մաս 2. Ուկրաինա և Թուրքիա

Բավական հետաքրքրական է Ուկրաինայի և Թուրքիայի համեմատությունը որպես տարանցիկ երկրներ: Երկու տասնամյակի ընթացքում Ուկրաինան վատնել է ռուսական գազի տարանցման մենաշնորհային դիրքը, մինչդեռ Թուրքիան նույն ժամանակահատվածում դարձել է տարածաշրջանի գլխավոր տարանցիկ երկիրը:

Ուկրաինայի դեպքն աշխարհում առանձնահատուկ է: 1991-ին, երբ նա անկախացավ, Եվրոպա մատակարարվող ռուսական գազի 100%-ի տարանցումը կատարվում էր նրա տարածքով: Այսինքն՝ Ուկրաինան երանելի իրավիճակում էր՝ ինչպես փողի իմաստով, այնպես էլ քաղաքական իմաստով, քանի որ ծանրակշիռ քարտ էր ստացել ինչպես եվրոպացիների, այնպես էլ ռուսների հետ բանակցություններում: 1991-ին Ուկրաինայում վաճառվող գազի 80%-ը և նավթի 65%-ը ռուսական էր: Ինչու՝ 80%-ը, որովհետև մնացած 20%-ը՝ 20 մլրդ խմ, արտադրվում էր Ուկրաինայում, և մինչև հիմա էլ այդպես է:

Թուրքիան այդ ժամանակ միայն մեկ տարանցիկ խողովակ ուներ, որն գալիս էր Իրաքից՝ դեպի Ջեյհան: Իրավիճակը հաջորդ 20 տարիների ընթացքում լիովին փոխվեց, և 2014-ին բոլորովին այլ պատկեր է:

Ուկրաինայի տարածքով այժմ անցնում է Եվրոպա արտահանվող ռուսական գազի միայն 24%-ը՝ տարեկան 1 մլրդ դոլար տարանցման եկամտով, այն դեպքում, երբ 2013թ. տարանցման համար Ուկրաինան ստացել էր 3 մլրդ դոլար: Տարանցիկ նշանակությունը կորցնելով՝ Ուկրաինան շարունակեց կախված մնալ ռուսական գազից և նավթից, քանի որ սեփական արտադրության ծավալները չավելացան և մնացին նույն մակարդակի վրա:

Այժմ Ուկրաինան մտածում է Եվրոպայից ռուսական գազ ներկրելու մասին, քանի որ ռուսական տարանցիկ գազի ծավալները նվազում են, և մի օր կարող են դադարել: Իրավիճակի ինչպիսի՜ փոփոխություն. տասը տարի առաջ Ուկրաինան ռուսական գազի տարանցման մենաշնորհ ուներ, այժմ սկսելու է ռուսական գազ ներմուծել երրորդ երկրների միջոցով:

Թուրքիան այս ընթացքում կարողացել է համալրել իր տարանցիկ խողովակաշարերի թիվը, որոնք գալիս են Իրաքից, Ադրբեջանից, Իրանից: Քննարկումներ կան անգամ Իսրայելից գազատարի կառուցման շուրջ: Բացի այդ, Թուրքիան բավական ընդլայնել է գազի ներկրման աղբյուրները՝ Ալժիր, Նիգերիա, և էներգետիկ անվտանգության առումով կամա թե ակամա դարձել է անկախ երկիր: Այսինքն՝ կարելի է ասել՝ որտեղից ուզի, կարող է ներկրել: Ավելին՝ գազի ու նավթի տարանցման հարցում Թուրքիայից այժմ կախված են Ադրբեջանն ու Իրաքը, ինչպես նաև Եվրոպան:

1991-1994 թթ. Թուրքիան «Փրկիր Բոսֆորը» քաղաքականության ներքո սկսեց քարոզել իր տարածքով տարանցիկ խողովակաշարերի կառուցման անհրաժեշտությունը՝ ցանկանալով քչացնել Բոսֆորով անցնող հեղուկանավերի թիվը և մեծացնել իր տարանցիկ նշանակությունը:

Ներկայում Թուրքիայի տարանցման ցանցը բավական խիտ է՝ 10-20 տարի առաջվա համեմատ: Մի խոսքով՝ Թուրքիան դարձել է Եվրոպա նավթի և գազի տարանցման կարևոր առանցք: Թուրքիայի համար ապագա տարանցիկ խողովակաշարերից ամենակարևորը TANAP-ն է` Անդրանատոլիական խողովակաշարը, որն ընտրվել է Nabucco-ի փոխարեն: Եվրոպացիները փորձեցին համոզել Ադրբեջանին, որ իր գազը Nabucco-ով տարանցի Եվրոպա: Սակայն ի վերջո TANAP-ը ընտրվեց, որպեսզի ադրբեջանական Շահ Դենիզ-2 հանքավայրից ադրբեջանական գազն արտահանվի Եվրոպա:

Չպետք է մոռանալ, որ մինչև 1991-ը Ուկրաինան գոյություն չուներ որպես անկախ հանրապետություն, հետևաբար նրա ներքին գազատար ցանցը խորհդային ներքին ցանցի մասն էր, և չկային անհրաժեշտ հաշվիչ սարքավորումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ներքին ցանցը դարձավ արտաքին ցանց: Խորհրդային տարիներին՝ 1960-ականներին, ցանցի կառուցման ժամանակ որոշվեց, որ բոլոր գազամուղերը մտնեն Չեխոսլովակիա և այնտեղից անցնեն Արևմտյան Եվրոպա: Իսկ թե ինչու ԽՍՀՄ-ի գազը մեկ երկրով էր անցնում, Մոսկվայում պարզապես ասում էին՝ մեկ երկիր վերահսկելը շատ ավելի հեշտ է: Ուշագրավ է, որ հետո խնդիրներ առաջացան ոչ թե Չեխոսլովակիայի բաժանման ժամանակ, այլ Ուկրաինայի անկախացումից հետո: Եվրոպացիները և ռուսները՝ որպես գազի հաճախորդներ, Ուկրաինային առաջարկեցին հաշվիչներ դնել գազի ելքին և մուտքին, որպեսզի այս ցանցը տարբերվի ուկրաինական ներքին ցանցից, և ուկրաինացիները կարողանան գազի տարանցման դիմաց գումարներ գանձել՝ առանց գազ վերցնելու իրավունքի: Ուկրաինացիները մերժեցին այդ առաջարկը, և դրա հետևանքով բավական մեծ խնդիրներ առաջացան հաջորդ տարիներին:

Ի՞նչ ակնկալել հինգ տարի հետո՝ 2019-ին:

Հինգ տարի հետո Ուկրաինայով գազի տարացնումը կարող է դադարեցվել: Եվրոպան այլևս Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի անհրաժեշտությունը չի ունենա, և Ուկրաինան կարող է վերանալ այդ քարտեզից: Ուկրաինան ունի գազի 145 մլրդ խմ տարեկան տարանցման հզորություն, որը կարող է պարզապես չօգտագործվել:

Թուրքիան հինգ տարի հետո կունենա 2,5 մլն տակառ նավթ/օր հզորությամբ խողովակներ և գազի 32 մլրդ խմ/գազ տարանցման հզորություն:

Մաս 3. Ադրբեջան. «Նոր Քուվեյթի» հեքիաթը

1991-ին, երբ խոսվում էր, որ Կասպիցի շրջանը 200-230 մլրդ տակառ պաշար ունի, Ադրբեջանին ասում էին «Նոր Քուվեյթ», որը կարևոր երկիր է նավթի իմաստով: Եվ որպեսզի «ծախեն» Ադրբեջանը, այն ներկայացվեց որպես «Նոր Քուվեյթ»: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար, սակայն ներկայում նրա նավթի պաշարները ընդամենը 5 մլրդ տակառ են կազմում: Պաշտոնապես ակնկալվում էր, որ 2013-ին Ադրբեջանում կարդյունահանվի 70 մլն տոննա նավթ, սակայն իրականությունը 43 մլն է: Գրեթե 30 մլն տոննա տարբերություն ակնկալիքների և իրականության մեջ:

Նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե: Սա շատ կարևոր հարց է: Զուտ շահույթից 66.8%-ն է մտնում, ոչ թե արտահանված գումարից: Այսինքն, եթե 100 տակառ արտահանում են և 100 դոլարով վաճառում, ոչ թե դրա, այլ զուտ շահույթի 66.8%-ն է մտնում՝ ծախսերը հանած: Իսկ ծախսերը բավական մեծ են, 1 տակառի հաշվով՝ 25 դոլար, քանի որ Կասպիցի շրջանը արդյունահանման համար շատ բարդ է: Սրան պետք է ավելացնել այն, որ բարել նավթի յուրաքանչյուր 100-կմ-ի տեղափոխման ծախսը կազմում է 6.3 դոլար: Բաքու-Նովոռոսիյսկի դեպքում այդ ծախսը կկազմեր ընդամենը 2 դոլար: Օպտիմալ տարբերակ կարող էր լինել նաև Իրանի տարածքով Պարսից ծոց դուրս գալը, ինչին բնականաբար առաջին հերթին դեմ էին ամերիկացիները:

Փաստացի, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը:

Առհասարակ, նավթ և գազ արդյունահանող յուրաքանչյուր երկիր ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի արտահանած գումարների մի մասը դնի այնտեղ ապագա սերունդների համար: Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչև հիմա 90 մլրդ դոլար է դրվել այդ հիմնադրամում: Այսօր մնացել է միայն 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ դեռ ապագա սերունդները չեն եկել: Բաքուն, որպեսզի իր բյուջեի բացը փակի, անցնող տարիներին 60 մլրդ դոլար ստիպված արդեն վերցրել է այդ հիմնադրամից: Այսինքն` ձախողված տնտեսական քաղաքականություն է:

Շահ Դենիզ - 2

1996-ին ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը, 1999-ին գտնվեցին առաջին պաշարները, որոնք հսկայական են՝ 1200 մլրդ խմ: Յոթ տարի հետո սկսվեց արտադրվել առաջին փուլի գազը՝ 9 մլրդ խմ տարեկան, որի 6 մլրդ-ը գնում է Թուրքիա: 2013-ի դեկտեմբերին ստորագրվեց երկրորդ փուլի պայմանագիրը: Այդ պայմանագրի որոշումներից մեկը այն է, որ 16 մլրդ խմ պետք է արտադրվի, 6 մլրդ պետք է մնա Թուրքիային, 10 մլրդ պետք է գնա Եվրոպա:

Հաճախ ադրբեջանական գազը Եվրոպայի համար ներկայացվում է որպես փրկության հույս և այլընտրանք ռուսական գազին:

Մեկ վայրկյան նայե՛ք իրականությանը. խոսքը 10 մլրդ խմ-ի մասին է, այն դեպքում երբ Եվրոպայի գազի պահանջարկը կազմում է 500 մլրդ խմ:

Ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2-ի գազը Եվրոպա կհասնի 2014-ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019-ն է:

Ավելին, որպես նախագիծ՝ Nabucco-ն մեռավ, և ենթադրվում էր, որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցեր ռուսական գազի հետ: Այժմ ստացվում է, որ ադրբեջանական գազը գնում է Եվրոպայի հարավ՝ մինչև Իտալիա, որտեղ մրցակցության մեջ է լինելու լիբիական և ալժիրական գազի հետ: Այսինքն` Ադրբեջանի գազի արտահանումը դեպի Եվրոպա ոչ միայն զուտ ծավալային առումով մեծ չէ, այլև բոլորովին այլ շուկա է ուղղվում, որտեղ չի մրցակցելու ռուսականի հետ:

Այսօրվա տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի Շահ Դենիզի երկրորդ փուլի գազը հասնի Իտալիա: Հսկայական գումար է, աշխարհի ամենածախսատար ծրագրերից մեկը, թերևս՝ ամենածախսատարը: Արաբական երկրներում 15-20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական մեկ տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: Շահ Դենիզի դեպքում տակառի հաշվով կպահանջվի 140 հազ․ դոլար:

Ի՞նչ կմնա այդ գումարից Ադրբեջանի բյուջեին։ Դրան պետք է ավելացնել այն, որ այդ գազը Եվրոպայում պետք է վաճառվի ոչ թե նավթի գների հետ փոխկապված, այլ ազատ շուկայի գներով, որոնք նավթի գնից ավելի ցածր են:

Մաս 4. հարցեր

Ադրբեջանական նավթի անկման մասին

Պատճառներից մեկը, որ ադրբեջանական նավթի արդյունահանման ակնկալված ցուցանիշները չապահովվեցին, այն էր, որ 1993-ին իշխանության եկած Հեյդար Ալիևը Կասպիցի նավթահորերը շահագործող կոնսորցիումը ղեկավարող British Petroleum-ից պահանջեց հնարավորին չափ շուտ նավթ արդյունահանել, քանի որ փողի հրատապ կարիք ուներ իր քաղաքական նպատակների համար: Դա կոչվում է նավթի վաղ արդյունահանում՝ early oil: Առհասարակ, նավթի արդյունահանման արդյունավետ տարբերակն այն է, երբ հորատանցքեր են փորվում ամբողջ հանքավայրի տարածքով, և արդյունահանումը սկսվում է զգուշությամբ: Երբ ընդամենը մեկ-երկու հորատանցք է փորվում նավթ արդյունահանելու համար, նավթավայրում ընկնում է ճնշումը և հետագայում հնարավոր չի լինում արդյունահանել այդ նավթավայրի ամբողջ նավթը:

Իրանից Հայաստան գազի մատակարարումների մասին

Իրանը իր գազով հազիվ ներքին պահանջարկն է բավարարում: Պետությունը տարեկան 100 մլրդ դոլարի չափով գազը և լայն սպառման այլ ապրանքներ սուբսիդավորում է, ինչը հանգեցրել է գազի սպառման ծավալների աննախադեպ աճի: Արդյունքում Իրանը հազիվ հասցնում է ներքին պահանջարկը բավարարել, անգամ Թուրքմենստանից է ներմուծում գազ:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում «պոչն է շարժում շանը» մոտեցումը փոխվում է. Թուրքիան այժմ շատ ավելի նպաստավոր դիրքում է, քանի որ բազմազանեցրել է իր էներգետիկ աղբյուրները և դարձել տարածաշրջանի ամենակարևոր տարանցիկ հանգույցը՝ ի տարբերություն Ուկրաինայի, որը մսխել է իր մենաշնորհային տարանցիկ դիրքը: Թուրքիայի ադրբեջանական քաղաքականությունը աստիճանաբար կարող է շեղվել այսօրվա եղածից: Չի բացառվում, որ ապագայում դա ինչ-ինչ հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Եվրոպայի՝ ռուսական գազին այլընտրանքի մասին

Եվրոպան կանխատեսելի հեռանկարում ռուսական գազին այլընտանք չունի: Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները կլինեն շատ խորհրդանշական: Գերմանական ընկերությունները ներգրավված են գազի տարանցման ռուսական նախագծերում և համատեղ լուրջ շահեր կան: Ղրիմի կորստին Եվրոպան կհամակերվի, Ուկրաինայի հարցով մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը և Եվրոպան կհանգեն ինչ-որ հայտարարի, բայց եվրոպացի որևէ զինվոր երբեք չի մեռնի Ուկրաինայի համար:

Թերթաքարային գազի արդյունահանման մասին

Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Եվրոպան չի կարող արագ զարգացնել այլընտրանքային՝ թերթաքարային գազի արդյունահանումը մի քանի պատճառով: Նախ՝ ԱՄՆ-ում շատ զարգացած են գազի ենթակառուցվածքները, կան հազարավոր ընկերություններ (ի տարբերություն Եվրոպայի), որոնք թերթաքարային գազ գտնելու դեպքում կարող են շատ արագ անցնել դրա արդյունահանմանը: Այն շուկա հասցնելու համար ևս խնդիրներ չկան, քանի որ ներքին ցանցը շատ զարգացած է՝ ի տարբերություն Եվրոպայի: Մյուս հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ը աշխարհում միակ երկիրն է, որտեղ օրենքի համաձայն որևէ տարածքում գտնված բնական հարստությունից այդ տարածքի տերը փայ ունի. այլ երկրների ընդերքում եղածը համարվում է պետության հարստությունը:

Ամերիկյան գազը Եվրոպա հասցնելու մասին

Ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ը կարող է փորձել մեղմել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից՝ մատակարարելով հեղուկացված գազ, սակայն այդ դեպքում Ռուսաստանը կարող է իջեցնել գազի գները և ավելի մեծ հնարավորություն ունի դեմպինգի:

Պատրաստեցին Անի Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը